Հայոց լեզուն վտանգված է. գրականագետ

14:44 • 06.07.12

Հայոց լեզուն վտանգված է, իսկ վտանգված լինելու պատճառը «անտեր վիճակից» է: Այսօր հրավիրված ասուլիսին այս տեսակետը հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը, ով ահազանգեց. «Լեզուն բացարձակ սրբություն է, շատ բան ենք կորցրել, զգույշ եղեք, սա էլ չկորցնենք»:


Ըստ գրականագետի՝ նման պատկերը հեռուստաեթերի արդյունքն է: «Եթերը ժողովրդին միավորող ամենամեծ ուժն է, իսկ եթերում, ոնց որ իրենց խոհանոցում նստած խոսեն, կենցաղավարությունը շատ է, դրանից ավել չեն կարող»,- ասաց նա և ավելացրեց, որ եթեր մտնողը պետք է հայոց լեզվից քննություն հանձնի: «Առաջ շատ լավ բան կար, մայրաքաղաքային հայերեն, պահանջկոտությունը կար լեզվի հանդեպ, մարդիկ հավաքվում էին, կանոնակարգում: Այսօր ղեկավարը փոխեցին (Լեզվի պետական տեսչության): Առաջ ակտիվ էր, հիմա նա էլ սուզվեց, ասեց լեզվի հերն էլ անիծած, ինչ կլինի, կլինի»:


Դավիթ Գասպարյանը օրինակներով է խոսում և հավատացնում, որ դրանք ճշգրիտ են: Նա նշում է, որ եթե Էներգետիկայի նախարարը էլեկտրաէներգիա բառը սխալ է արտասանում և ասում, էլեկտրոէներգիա, նշանակում է, որ նրա գերատեսչության բոլորն էլ այդպես սխալ կարտասանեն: Ցանկը շարունակում է. «Շենգավիթի նախկին համայնքապետը Շընգավիթ է ասում, ու նրա ենթական պարտադիր նրա խոսքերն է կրկնում: Մանկավարժականի նախկին ռեկտորը ասում է «հասկաց» («հասկացիր»-ի փոխարեն –Tert.am): Եթե բարձրաստիճաններն են այսպես խոսում, խեղճ մարդկանցից ի՞նչ ուզենք, նրանք ի՞նչ կարող են անել»,- ասաց նա:


Այն պատճառաբանությունը, թե դա կենդանի խոսք է և բնականորեն կենդանի տարրեր է պարունակում, գրականագետը հակադարձում է, որ փոխարենն առաջ գնալու, էլի ետ ենք գնում:


Ըստ նրա, կենդանի խոսքը պետք է ընդգրկել՝ նվազագույն չափով հերոսին կերպարանավորելու համար և ոչ ամբողջությամբ:


Ասուլիսին ներկա դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը մեջբերում է դերասան Սոս Սարգսյանի խոսքերը նույն պատճառաբանության վերաբերյալ: «Բացարձակապես համաձայն չեմ, որ փողոցային խոսքը էկրանից պետք է հնչի, սա բացարձակ անիմացություն է: Գոյություն ունի գեղարվեստական խոսքի որակ: Սոս Սարգսյանը այս հարցին անդրադարձել է, որ « Մենք ենք մեր սարերը» ֆիլմում գյուղացու կերպարով են խաղացել, բայց խոսքը չի փոփոխվել, ոչ ոք չի էլ կասկածել, որ մենք գյուղացի չենք: Բոլոր ֆիլմերը, որոնք իսկական մտավորականի ձեռքով են կերտվել, երբեք թույլ չեն տվել փողոցի ժարգոնը մտնի եթեր»,-ասաց նա:


Կարինե Ջանջուղազյանը դեմ է այն տեսակետին, թե եթերի մաքրման հարցով մտավորականները չպետք է դիմեին նախագահին: «Այո, հենց մեր նախագահը պետք է զբաղվի սրանով: Եթե նախագահն ունի իր կառավարիչները, որոնք չեն վերահսկում, և եթերը դարձնել է նողկալի, թող բարի լինի պարոն նախագահը դրանով զբաղվի»,- ասաց նա:


Դավիթ Գասպարյանի գնահատմամբ՝ այս վիճակի պատճառն առաջին հերթին դպրոցն է, ապա բուհը: «Դպրոցը լավ կրթություն չի տալիս, լեզվի բարձր ուսուցում չկա, դրա հետ մեկտեղ էլ գիրք չեն կարդում: Երեխային չեմ մեղադրում, երեխայից չեն պահանջում»,- ասաց նա:


Բանախոսները կողմ էին, որ այդուհանդերձ հանձնաժողով ստեղծվի՝ վերահսկելու այս ամենը:

 

Դավիթ Գասպարյանը ճշգրտում է, որ միայն թե այդ հանձնաժողովի մեջ ազնիվ մտավորականներ ընդգրկվեն, ինչպես նաև մտածեն, թե ով է ընդգրկողը:


«Եթե իրոք շահախնդիր մարդիկ լինեն, որոնք գործի նվիրյալներն են, գուցե մի բան ստացվի»,-ասաց նա: Ըստ նրա, հանձնաժողովի անդամ տեսնում է առաջին հերթին Սոս Սարգսյանին, դեմ չէր լինի նաև Լևոն Տեր Պետրոսյանին. «Որովհետև նա լեզու շատ լավ գիտի, ու իր օրոք դա բարձր վիճակի էր»,-ասաց նա: