Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայկական պարախմբերը պարեցին աշնակցիների հետ
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնը երեկ այցելեց Թալինի շրջան Աշնակ գյուղ: Սփյուռքի տարբեր ծայրերից` Ռուսաստանից, Ուկրաինայից, Սիրիայից, Լիտվայից, Վրաստանից ժամանած պարային խմբերը նախ ծաղիկներ դրեցին Գևորգ Չաուշի տուն-թանգարանի մոտ, ինչից հետո գյուղի դպրոցի ու Կենցաղի տան բակում երգ ու պարով նրանց դիմավորեցին Թալինի շրջանի մի շարք պարային խմբեր:
Բոլորը միասին պարեցին սասնա պարեր: Աշնակում պարում էին ոչ միայն պարային խմբերը, այլ նաև տեղի ամբողջ երիտասարդությունը:
Աշնակ գյուղում էր նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ փառատոնի օրերից մեկը նվիրեցին Աշնակ գյուղին` հաշվի առնելով գյուղի ավանդույթները և այն, որ այնտեղ կարողացել են պահպանել սասունցու ոչ միայն ուժեղ կամքը, այլ նաև մշակույթը, պարը, երգը:
««Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում սփյուռքի տարբեր ծայրերից եկած մեր հայրենակիցները թող իմանան աշնակցիների պարը, խոսեն ու շփվեն նրանց հետ: Այս փառատոնը իր տեսակի մեջ յուրօրինակ է, որովհետև առաջին անգամ է այս կարգախոսով տոնվում: Այն եռապատկել է իր ներկայությունը: Ես շատ ուրախ եմ, որ աշխարհագրությունն է շատ մեծացել»,- ասաց նախարարը:
Փառատոնը կազմված է մի քանի մասերից` պարարվեստ, երգարվեստ, անհատ կատարողներ և դուդուկի կատարումներ:
Հրանուշ Հակոբյանը կարևոր համարեց այն, որ փառատոնը չի իրականցվում 1-ից 2 շաբաթվա ընթացքում ու ավարտվում. այն տևում է շուրջ 6 ամիս:
«Սփյուռքի մեր երիտասարդները այսօր նոր ուժ, նոր ոգի են ստանալու հայրենիքից և կմեկնեն ավելի հայացած ու կհրավառեն սփյուռքում բնակվողներին»,- ասաց նա:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը նշեց, որ փառատոնի առանձնահատկություններից մեկն այն է, որ անցկացվում է Հայաստանի տարբեր մարզերում:
«Այսօր Հայաստանում սփյուռքի տարբեր ծայրերից գտնվում են 31 պարի խմբակներ, իսկ այսօր այստեղ է մոտ 300 պարող: Արդեն մի շարք պարախմբերով համերգներ եք տվել Գյումրի քաղաքում, Վանաձորում, Տավուշի մարզի Բերդ քաղաքում, Սևանում, Մարտունիում: Աշնակ գյուղը, որը հանդիսանում է մեր հայ պարի ազգագրության կենտրոններից մեկը, մենք չէինք կարող անմասն լինել փառատոնից և այստեղ չլինել»,-ասաց նա և հիշեցրեց, որ Աշնակ գյուղի պարային համույթները միշտ մասնակցել են բազմաթիվ համամիութենական ստուգատեսների և ներկայացրել հայկական պարը:
Հուլիսի 6-ին Սփյուռքից ժամանած շուրջ 7 պարախմբեր լինելու են Արցախում, այնուհետև Սյունիքի մարզում, Վայքում: Հուլիսի 10-ին փառատոնի առաջին մասի փակումը` պարարվեստի փառատոնի վերջին համերգը, տեղի կունենա Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:










