TOP 9 ֆիլմերը՝ 9-րդ «Ոսկե ծիրան»-ում. Tert.am-ի ընտրանին (լուսանկարներ)

19:08 • 07.07.12

Հուլիսի 8-ին մեկնարկում է Հայաստանի խոշորագույն կինոիրադարձությունը՝ «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը:


Այս տարի «Ոսկե ծիրանը» 1250 հայտ է ստացել (ավելի քան 70 երկրներից), որոնցից ընտրվել են 7 տասնյակ ֆիլմեր: Դրանք կցուցադրվեն փառատոնի Խաղարկային, Վավերագրական, «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) և «Հայկական համայնապատկեր» բաժիններում: Կլինեն նաև կինոյի վարպետների աշխատանքների հետահայաց ցուցադրություններ և հատուկ ծրագրեր:


Tert.am-ը (կինոլրագրող Դավիթ Պ. Վարդազարյանի հետ) կազմել է 9-րդ «Ոսկե ծիրանին»  արտասահմանյան 9 լավագույն ֆիլմերի ցանկը: Վերջինս նպատակ ունի ուղղորդել հայաստանցի կինոսիրողներին՝ փառատոնի ֆիլմերի հսկայական քանակության մեջ:

Tert.am-ի ընտրանիով առանձնացված են այն ֆիլմերը, որոնք կամ համաշխարհային կինոյի դասական գործեր են համարվում, կամ այսօր փառատոնային հիթեր են ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում հնարավոր կլինի դիտել միայն «Ոսկե ծիրան»

փառատոնի օրերին (հուլիսի 8-15-ը):

Նշված ֆիլմերի ցուցադրման վայրերի ու ժամերի , ինչպես նաև՝ փառատոնի այլ ֆիլմերի մասին կարելի է տեղեկանալ հետևյալ առցանց հղումով՝ http://www.gaiff.am/am/schedule/:


Իսկ ամենադիտարժան 9-յակը, ըստ Tert.am-ի, հետևյալն է.

 

9.Բելգիացի Դարդեն եղբայրների ֆիլմը՝ «Հեծանվով տղան», (Բելգիա, Ֆրանսիա, Իտալիա, 2011), պատմում է հորից լքված և վարսավիրի հոգածության տակ հայտնված երեխայի պատմությունը, որը եվրոպական կինոյի մասնագետները գնահատել են Կաննի կինոփառատոնի և Եվրոպական կինոակադեմիայի պատվավոր մրցանակներով:

  

8.Փառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը զարդարում է ռուսաստանցի անվանի ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» աշխատանքը (Գերմանիա, Ռուսաստան, Լատվիա, Նիդերլանդներ, Բելարուս, 2012): Կաննի և Տարկովսկու անվան կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմում դավաճան հռչակված հերոսը ստիպված է բարոյական ընտրություն կատարել Երկրորդ համաշխարհայինի բովում՝ գերմանացիների կողմից օկուպացված խորհրդային տարածքներում:

 

 

7. Պիեռ Շյոլերի «Իշխանավորը» (Ֆրանսիա, 2011) ֆիլմը անցած և այս տարի մի շարք հեղինակավոր մրցանակների արժանանալուց հետո (այդ թվում՝ Կաննի կինոփառատոնում՝ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակին) նաև «Ոսկե ծիրան - 2012»-ի մրցութային ծրագրում է:

«Տրանսպորտի նախարարին գիշերվա կեսին արթանացնում է անձնական քարտուղարը: Ավտոբուս է ձորն ընկել: Նախարարը գնում է դեպքի վայր… Դեպքերի խելահեղ ընթացքում մի արտակարգ իրավիճակը հաջորդում է մյուսին: Արագություն, պայքար հանուն իշխանության, քաոս: Ի՞նչ զոհողությունների են պատրաստ տղամարդիկ: Ինչքա՞ն են նրանք դիմանում պետական կառույցում, որը խժռում է իրեն ծառայողներին». ասված է ֆիլմի սինոփսիսում:

 

 

6. Մեծագույն ռեժիսորներից մեկի համարումն ունեցող Անդրեյ Տարկովսկու «Չարչարանքներ ըստ Անդրեյի» («Անդրեյ Ռուբլյով», 1966, Ռուսաստան) ֆիլմը՝ 15-րդ դարասկզբի ռուսաց պատմության խռովալի շրջանի ֆոնին մեծ սրբանկարիչ Անդրեյ Ռուբլյովի կյանքի մասին, ներկայացված է փառատոնի «Հարգանքի տուրք»՝ Տարկովսկու 6 այլ՝ կինոյի պատմության մեջ մեկը մյուսից բարձր գնահատված ֆիլմերի հետ:

 

 

5.«Ոսկե ծիրան - 2012»-ը հետահայաց ցուցադրությունների շրջանակներում կներկայացնի իսպանացի անվանի ռեժիսոր Վիկտոր Էրիսեի «Փեթակի ոգին» (Իսպանիա, 1973) աշխատանքը, որը համարվում է իսպանական կինոյի գլուխգործոցներից մեկը:

Բազմաթիվ մրցանակների արժանացած ֆիլմը նկարահանվել է գեներալ Ֆրանկոյի բռնապետության վերջին տարիներին: Ֆիլմի հերոսուհին Անա անունով աղջնակն է և նրա հափշտակվածությունը 1931թ. «Ֆրանկենշտեյն» ամերիկյան սարսափ ֆիլմով:
Փառատոնի օրերին Երևանում կլինի նաև ֆիլմի ռեժիսորը՝ ժյուրիի նախագահի կարգավիճակով:

 

 


4.«Ոսկե ծիրանի» «Հարգանքի տուրք» ծրագրում կներկայացվի համաշխարհային կինոյի լեգենդ Միքելանջելո Անտոնիոնիի «Միքելանջելոյի հայացքը» (Իտալիա, 2004) կարճամետրաժ ֆիլմը: Կինոյի հսկա, արդեն տկար Միքելանջելոն դեմ առ դեմ «հանդիպում է» իր փառահեղ անվանակցի՝ Միքելանջելո Բուենարոտիի գլուխգործոցներից մեկի՝ Մովսեսի արձանի հետ:

Արվեստի կենսունակության և դրա միջոցով մահը հաղթահարելու մասին այս ֆիլմի ասելիքը հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտումից հետո քննարկել Անտոնիոնիի այրու հետ, որը կհյուրընկալվի «Ոսկե ծիրանին»:

  
3. Բոլոր իդեալներին սպառնացող ապականության թեման «Ոսկե ծիրանի» «Գիրքը և կինոն» ծրագրում կարծարծվի «Մահ Վենետիկում» (Իտալիա, Ֆրանսիա, 1971) ֆիմով: Վերջինս Թոմաս Մանի սկանդալային պատմվածքի էկրանավորումն է կինոյի մեծ վարպետ ու էսթետ Լուկինո Վիսկոնտիի կողմից:

Այս ծրագիրը հատուկ ներառվել է փառատոնում՝ ի նշանավորումն Երևանի գքրի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն:

 
2.«Թիթեղյա թմբուկը» (1979, Արևմտյան Գերմանիա, Հարավսլավիա, Լեհաստան, Ֆրանսիա) գերմանացի ռեժիսոր Ֆոլքեր Շլյոնդորֆի գլուխգործոցներից է, որը 1979-ին արժանացել է Ոսկե արմավենու ճյուղի և Օսկարի:

Ֆիլմը պատմում է մանուկ Օսկարի մասին, որը որոշում է այլևս չմեծանալ, քանի որ ականատեսն է Երկրորդ համաշխարհայինի նախօրեին աշխարհը համակած խելահեղությանը՝ նացիստական իրականության մեջ:

Ֆիլմը Գյունտեր Գրասի համանուն վեպի էկրանացումն է և «Ոսկե ծիրանում» ցուցադրվում է «Գիրքը և կինոն» արտամրցութային ծրագրում:


1. «Ոսկե ծիրան- 2012»-ը կեզրափակի աշխարհահռչակ ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեքեի (հայ կինոսիրողին հայտնի է «Դաշնակահարուհին» սկանդալային ֆիլմով) «Սեր» (Գերմանիա, Ֆրանսիա, 2012) աշխատանքը:

Տարեց զույգի փորձությունների ենթարկված սիրո մասին ֆիլմն այս տարվա ամենաքննարկվող կինոաշխատանքներից է, արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի: