Վատիկանի թանգարանների եկամուտը նախորդ տարի 9 մլն եվրոյով աճել է

20:18 • 07.07.12

Վատիկանի թանգարանների եկամուտները 2011թ. ընթացքում աճել են 9 մլն եվրոյով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` հղում կատարելով Վատիկանի ռադիոյին:


Ըստ Վատիկան քաղաքի բալանսի հաշվետվության տվյալների, 2011թ. թանգարանների եկամուտները կազմել են 91 մլն եվրո, այն դեպքում երբ 2010թ. դրանք կազմել են 82 մլն եվրո:


Թանգարանների այցելուների քանակը 2011թ. աճել է 500 հազարով, համեմատած 2010թ. հետ և կազմել 5,1 մլն մարդ:
Միայն աշխարհի 3 թանգարաններ են գերազանցել վատիկանյաններին այցելուների քանակով` փարիզյան Լուվրը (8,5 մլն այցելու), լոնդոնյան Բրիտանական թանգարանը (5,8 մլն այցելու) և նյու-յորքյան արվեստների թանգարան Մետրոպոլիտենը (5,6 մլն այցելու):


Մեկ օրվա ընթացքում վատիկանյան թանգարանները 15-20 հազար այցելու են ունենում: Ամառային ամիսներին, ուրբաթ օրերին թանգարանները աշխատում են մինչև ժամը 23-ը: Քաղաք պետության թանգարանների տնօրեն պրոֆեսոր Անտոնիո Պաոլուչչիի խոսքով, դա արվում է գլխավորապես Հռոմի քաղաքացիների համար, ովքեր 5 օր աշխատում են և չեն կարողանում այլ ժամանակ թանգարանում լինել: