5 տարի առաջ հուլիսի 9-ին կյանքից հեռացավ Էլվինա Մակարյանը (տեսանյութ)
2007-ին այս օրը Գլենդեյլում իր բնակարանում ատրճանակի կրակոցով կյանքին վերջ տվեց հայ երգարվեստի թերևս միակ դիվան՝ Էլվինա Մակարյանը, որին անվանում էին «հայկական Էդիտ Պիաֆ»: 5 տարի է անցել, սակայն Էլվինայի կյանքից հեռանալու շուրջ հարցերը դեռ չեն գտել իրենց սպառիչ պատասխանները:
Հենց սկզբից հարցի շուրջ քննարկումները մի տեսակ «համերաշխության տաբու» էին, քանի որ արվեստագետի ընտանիքը, մասնավորապես՝ քույրը, ցանկացել էր զերծ մնալ ինքնասպանության դրդապատճառների և մանրամասների հրապարակումից. Պաշտոնապես հայտարարվել էր, թե Էլվինան մահացել է սրտի կաթվածից:
Երգչուհին իր վերջին հարցազրույցը տվել էր լրագրող Արտակ Ալեքսանյանին, որը, ինքնասպանության վերաբերյալ իր կարծիքը հայտնելով, ասել է. «Կարծում եմ՝ երգչուհու որոշումը խիստ գիտակցված էր: Դա կշռադատված հանրային քայլ էր՝ ուղղված մտավորականությանն ու հասարակությանը»:
Դեռ 14 տարեկանում Էլվինան դարձել է Ռոբերտ Ամիրխանյանի «Կռունկ» անսամբլի մենակատար, այնուհետեւ Օրբելյանի նվագախմբի հետ շրջագայել արտասահմանում: 1980-ական թվականներին իշխանությունները Էլվինային փաստացի արգելել էին աշխատանքի գնալ, իսկ խորհրդային հեռուստատեսությունը նրան «գրաքննության» էր ենթարկում՝ կտրելով նրա ելույթները համերգների հեռուստատարբերակներից: Այս պայմաններում երգչուհին ստիպված էր տեղափոխվել և հաստատվել ԱՄՆ-ում: Տաղանդավոր և մերժված՝ նա շարունակել է ստեղծագործել ու իրենից հետո ավելի քան 500 երգ է թողել:
Եվ չնայած նրա մահվան շուրջ քննարկումները չեն դադարում, երգչուհին հանիրավի կարծես մոռացության է մատնվում. Գլենդեյլում, համենայն դեպս, հիշատակի կոնկրետ միջոցառում չի նախատեսվում, ինչպես հավաստեց Արա Ղազարյանը: Երգչուհու մտերիմ լրագրողը տեղեկացրեց, որ ինքը ոգեկոչելու է Էլվինայի հիշատակը. «Կգնամ եկեղեցի, հետո էլ՝ օվկիանոս ու ծաղիկներ կդնեմ ջրի մեջ: Էլվինայի գերեզմանն օվկիանոսում է, ուրիշ տեղ էլ չկա գնալու»:
Էլվինա Մակարյանի հարազատները նրա աճյունը տարածել էին Խաղաղ օվկիանոսի ջրերի վրա:
</p>










