Ամերիկացի նկարիչը ստեղծել է կնոջ դիմանկար` օգտագործելով միայն մատնահետքեր (լուսանկարներ)

17:42 • 09.07.12

Ամերիկացի նկարիչ Չաք Քլոուզը հսկայական դիմանկար է ստեղծել` սովորական վրձնի փոխարեն օգտագործելով միայն մարդկային մատնահետքեր, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:

 

«Զվարճալի մատնանկարչություն» խորագրով պատկերի ստեղծման աշխատանքները սկսվել են դեռևս 1985 թ.-ին. դրանում պատկերված է նկարչի կնոջ տատիկը: Դիմանկարի ստեղծման հարցում Քլոուզն օգտագործել է իր իսկ ստեղծած յուրահատուկ տեխնիկան, որը կայանում է հատուկ ներկի մեջ թաթախված մատնահետքերի պատկերը կտավին թողնելու մեջ:

 

Հստակ պահպանելով ներկի անհրաժեշտ քանակությունը, ինչպես նաև կարգավորելով մատների ծայրերի` կտավի վրա գործադրած ճնշումը, հեղինակին հաջողվել է անհավանական ճշգրտությամբ պատկերել կնոջ դեմքի յուրաքանչյուր կնճիռ:

 

Քլոուզը համարվում է ամենատաղանդավոր ամերիկացի նկարիչներից մեկը, իսկ նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ հեղինակավոր պատկերասրահներում: Սակայն շատերը գտնում են, որ նրա գլուխգործոցը մատնահետքերով արված դիմանկարն է: