Համաշխարհային կինոարվեստի շունչը` քաղաքամայր Երևանում

11:29 • 09.07.12

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկի առիթով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.


Երեկ` հուլիսի 8-ին, մեկնարկել է աշխարհի լավագույն փառատոների տասնյակում հայտնված «Ոսկե ծիրան» կինոփառատունը: Այն իրականացվում է Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

Թարմություն, նոր խոսք, կինոարվեստի լեզուն բացահայտելու դասընթացներ և հաճելի ժամանց…. «Ոսկե ծիրանը» կինոերկրպագուներին դարձյալ նոր ասելիքով է ներկայանում: Մասնակից երկրների աշխարհագրությունը և մշակույթների բազմազանություն խոստացող փառատոնը հայ հանդիսատեսին է ներկայանում 9-րդ անգամ:

 

Խորհրդանշական է, որ Երևանի միջազգային կինոփառատոնի բացումն ազդարարվում է Համո Բեկնազարյանի` «Շոր և Շորշոր» կատակերգությամբ, որը հանդիսատեսին առաջարկվում է գրական ստեղծագործության էկրանավորմամբ:

 

Ցուցադրությունը կընթանա Վահագն Հայրապետյանի և նրա խմբի կենդանի ջազային ձևավորմամբ, ինչը մշակվել է հատուկ այս առիթով: Կինոփառատոնը պահպանել է արդեն ավանդույթ դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Այդ շարքում նորություն է «Գիրք և կինո» ծրագիրը, որն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով: Նախատեսված է նաև ԱՊՀ երկրների կինոծրագիրը:

 

«Կինոն դեպի անծայրածիր տիեզերքը բացվող պատուհան է և մարդկային ճակատագրերի խառնարան: Արվեստի այս ճյուղը աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ ներկայացնելու ու դրա հանդեպ անսահման սեր սերմանելու մեծ առաքելություն ունի: Համոզված եմ` միջմշակութային հարթության մեջ հայկական կինեմատոգրաֆն ունի իր կարևոր խոսքը պատվով հրամցնելու և մեր երկրի վարկանիշը արժանի հարթակում ներկայացնելու դերը», - ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

Կինոփառատոնն ամփոփվելու է Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» (Amour) ֆիլմի մեկ բացառիկ ցուցադրությամբ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի համատեղ արտադրությամբ նկարահանված ֆիլմը կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի` «Ոսկե արմավենու» կրկնակի մրցանակակիր է: Հռչակավոր Միքայել Հաննեկեի` սիրո և հավատարմության մասին պատմող դրաման հատկապես արժևորված է աշխարհահռչակ դերասանների` Ժան-Լուի Տրինտինյանի, Էմանուել Ռիվայի և Իզաբել Յուպերի խաղով:

 

Փառատոնի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը խրախուսում է կինոարվեստն իր ամբողջ գեղեցկությամբ երիտասարդությանը փոխանցելու կազմակերպիչների ջանքերը: