«Չարենց» գիրքը 8 մասից կազմված գեղարվեստական կինոնկարի սցենարն է դառնալու

01:09 • 10.07.12

Եղիշե Չարենցը ունի ևս մեկ դուստր, որը, ամենայն հավանականությամբ, այսօր ապրում է Իսրայելում: Այս հետաքրքիր բացահայտումը արել է գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը իր «Չարենց գրքում», որը երեկ ներկակայացվեց « Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Գիրքը և կինոն» անվանակարգում:


«Չարենց» գրքի հիման վրա առաջիկայում պետք է 8 մասից բաղկացած գեղարվեստական կինոնկար ստեղծվի: Ֆիլմի արտադրության կազմակերպումը այս պահին ընթացքի մեջ է մի քանի պրդյուսերների կողմից:


«Չարենց» գեղարվեստական կինոնկարի սցենարի, ինչպես նաև գրքի հեղինակ Վահրամ Մարտիրոսյանը նշեց, որ այն պատմում է Չարենցի կյանքի մասին, որը, ըստ նրա, մեր հասարակությանը ծանոթ է միայն պատառիկներով:


«Սովետական միության գրականագետները ամեն ինչ անում էին, որ ապացուցեն, թե Չարենցը ամենաթույլ բոլշևիկն էր: Անկախացումից հետո այդ նույն գրականագետները ամեն ինչ անում էին, որ ապացուցեին, թե Չարենցը ազգայնական է և դաշնակցական: Չարենցը բոլորիս նման ունեցել է վայրիվերումեր, բոլորիս նման հավատացել, հուսախաբվել է, ունեցել սերեր, որպես կամավոր մասնակցել է հայրենիքի պաշտպանությանը: Նրա կյանքը սերտորեն միահյուսված է իր դարաշրջանին: Այդ պատճառով գրքում ես փորձել եմ ցույց տալ ժամանակի յուրահատկությունը»,- ասաց Մարտիրոսյանը և հիշեցրեց, որ 20-րդ դարը Հայաստանի համար նշանավորվում է միանգամից մի քանի պատմական իրադարձություններով՝ Առաջին Հանրապետություն, սովետականացում, Հայոց ցեղասպանություն, Երրորդ Հանրապետություն և այլն:


Վահրամ Մարտիրոսյանը սցենարը գրելիս օգտվել է մի շարք գրականագետների աշխատություններից, Չարենցի մասին տպագրված հուշերից, նրա թանգարանում պահվող բոլոր նյութերից և այլն:


Իսկ թե որն է նպատակը ֆիլմի համար գրված սցենարը տպագրել գրքի տեսքով և ներկայացնել հանրությանը, Վահրամ Մարտիրոսյանը բացարեց հետևյալ կերպ. «Նախ ասեմ, որ սցենարը գրական ժանր է: Իսկ գրքի իմաստն այն է, որ փորձ է արվում ցույց տալ կինոն հակառակ կողմից, այսինք ՝ թե ինչպես է այն ստեղծվում: Սա նաև Հայաստանում մի նոր մշակույթի ձևավորման սկիզբ է: Ինձ համար սցենարը միշտ ուղղված է եղել երկու հոգու՝ բեմադրիչին և արտադրողին, իսկ հիմա այն մենք փորձում ենք ներկայացնել որպես ընթերցանության նյութ»,- ասաց հեղինակը, ով միաժամանակ նշեց, որ սցենարը որպես ընթերցանության նյութ, դժվար ընթերցելի է: