Հայաստանում եզդիների խնդիրները հիմնականում կրթական-մշակութային են. Բորիս Թամոյան
Հայաստանում եզդիների խնդիրները և հիմնախնդիրները հիմնականում կրթական-մշակութային են, քանի որ եզդիական մշակույթի զարգացումը ընթանում է շատ դանդաղ տեմպերով, կամ բոլորովին առաջ չի գնում, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց եզդիների «Սինջար» ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանը։
Օրինակ՝ եթե մարզերի հանրակրթական դպրոցներում դասավանդվում է եզդիերեն, ապա երևանյան դպրոցներում չի լինում անգամ մեկ դասարան հավաքել և եզդի երեխաներին սովորեցնել իրենց մայրենի լեզուն:
«Մեր բոլոր խնդիրները կլուծվեն այն դեպքում, երբ ունենանք եզդիների շրջանում քաղաքացիական հասարակություն, ինչը բացակայում է: Եվ այդ դեպքում, պետությունը հնարավորություն կտա այդ հարցերը լուծելու»,- ասաց նա՝ հավելելով, որ պատահական չէ, որ մինչև օրս ականավոր որևէ եզդի մշակութային գործիչ չկա:
Բայց սրանում Հայաստանում եզդի համայնքի ներկայացուցիչը, ով նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող է, չի տեսնում պետության մեղքը:
Փոխարենը, բանախոսը միանաշանակ չի կարող ասել, թե ինչն է պատճառը, որ Ուկրաինայում, Ռուսաստանում եզդիներն ունեն ճանաչված դեմքեր, բայց Հայաստանում չունեն որևէ երգիչ, ով «հարսանիքներից բացի ուրիշ տեղ» կերգեր: Այնպես որ, չի կարող ասել,փակու՞մ են հայերը իրենց եզդի գործընկերները ճանապարհը դեպի բեմ ու բեմական արվեստ, թե՝ ոչ, որովհետև նա չի բացառում, որ խնդիրը գուցեև այս տարածաշրջանում ապրող եզդիների հետ է կապված:
Հիշեցնենք, որ Հայաստանում եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը, հակառակը, պնդում է, որ մեր երկրում, ավելի քան որևէ տեղ լուծված են իրենց մշակութային խնդիրները, բայց դժգոհություններ կան քաղաքական խնդիրների հետ կապված, օրինակ՝ որ եզդիական համայնքից որևէ մեկը ԱԺ-ում ներկայացված չէ որպես ազգային փոքրամասնություն:
Միևնույն ժամանակ, հանրապետական կուսակցության անդամ Ազիզ Թամոյանը հայտարարում է, որ եզդիները ոչ միայն Հայաստանում, այլև ամենուրեք կանգնած են իշխանությունների կողքին, քանի որ դա «միջազգային կոնվենցիաներով» է պայմանավորված:
Հազիվ զսպելով ժպիտը՝ եզդի համայնքի ներկայացուցիչն ասաց, որ այդպիսի միջազգային կոնվենցիա չգիտի, բայց հայտարարեց, որ գիտի, որ ընտրություններից առաջ ազգությամբ եզդի թեկնածուները քիչ թե շատ աջակցություն ունեցել են «Բարգավաճ Հայաստանի» կողմից:
Հայաստանից արտագաղթը չի շրջանցում նաև եզդիական համայնքը, քանի որ, նրա խոսքով, եզդիաբնակ գյուղերը գրեթե դատարկված են. Արագածոտնի մարզում յուրաքանչյուր գյուղում մնացել են միջինը՝ 17 ընտանիք:
Բորիս Թամոյանի խոսքով, իրենց տեսակարար կշռով ավելի քիչ եզդիները, այդուհանդերձ, Հայաստանից ավելի քիչ են արտագաղթում, քան հայերը:
«Սինջար» ՀԿ–ի նախագահը նաև տեղեկացրեց, որ բաց նամակով դիմել են Երևանի քաղաքապետարան՝ մայրաքաղաքի փողոցներից մեկը Բաշ-Ապարանի հերոսամարտի առանցքային դեմքերից մեկի՝ Ջհանգիր աղայի անունով կոչելու խնդրանքով:
«Ինչպես գիտեք՝ Ջհանգիր աղան մասնակցել է 1918 թվականի Բաշ-Ապարանի և Սարդարապարտի ճակատամարտերին և երբ թուրքական զորքը հարձակվում էր Սարդարապատի ուղղությամբ, առաջինը և ամենաարագ օգնությանը Ջհանգիր աղան էր, որ դուրս եկավ թուրքական զորքի դեմ: Այս ընթացքում հայերը Երևանում կարողացան հայկական ուժեր ձևավորել և հարված հասցնել: Ուստի, մենք գտնում ենք, որ մի փոքր էլ գուցե ուշացած է»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԿ–ի նախագահ Բորիս Թամոյանը։
«Սինջարը» նաև նախաձեռնել է Երևանում տեղադրել Իրաքի Մոսուլ քաղաքում 2007թ. եզդիական երկու գյուղերի ջարդերի ժամանակ զոհ գնացած 1000 եզդիների հիշատակին:










