Թուրքական հրթիռահրետանային ուժերը և օդուժը Սիրիայի ողջ տարածքի եղանակի մանրամասն կանխատեսումն են պատվիրել
Թուրքիայի բանակի գլխավոր շրաբը Սիրիայի տարածքի օդերևութաբանական մանրամասն տեղեկություններ է պատվիրել, հաղորդում է Hurriyet-ը: Այսուհետ թուրքական հրթիռա-հրետանային զորքերը և օդուժը կսկսեն ստանալ Սիրիայի տարածքի եղանակի տեսության մանրամասն 36-ժամյա կանխատեսումը:
Պարբերականի տեղեկություններով, ավելի վաղ, նման փակ եղանակային մանրամասն կանխատեսումներ ստացվում էին Թուրքիայի հարավ-արևելքի և հյուսիսային Իրաքի համար, որտեղ գործում են քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները: Այժմ զինվորականները ցանկանում են տեղեկանալ Սիրիայի ողջ տարածքի և Իրաքի ողջ տարածքի վերաբերյալ:
Hurriyet-ը նշում է, որ քամու արագության և ուղղության, օդի ջերմաստիճանի և խոնավության և այլ օդերևութաբանական ցուցանիշների վերաբերյալ ստույգ տվյալները ծայրահեղ կարևոր են հրետանային և հրթիռային հարվածների ճշտության համար:
Այսօր թուրքական բանակը մեծ ստորաբաժանում է ուղարկել Քիլիմ մարզ, որը սահմանակից է սիրիական Հալեպ նահանգի հետ:
Մինչ այդ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել էր ուժ կիրառել Սիրիայի հյուսիսում հիմնավորված քուրդ անջատողականների դեմ:
Հիշեցնենք, որ Սիրիայի Հալեպ նահանգը և երկրի տնտեսական մայրաքաղաք համարվող հայաշատ Հալեպ քաղաքը կառավարական և ապստամբ ուժերի թեժ մարտերի թատերաբեմ է դարձել: Թուրքիան այս հակամարտության ժամանակ ապստամբ գրոհայիններին է աջակցում:









