Հալեպում վարակի տարածման վտանգ կա. հայ երիտասարդները մաքրում են քաղաքի փողոցները (լուսանկարներ)

11:47 • 31.07.12

Վաղ առավոտից Հալեպի բնակչությունը զգուշավոր է և հայացքը երկինք ուղղած՝ փորձելով որսալ հրազենի շարունակական ձայների աղբյուրը, հայտնում է «Հալեպի լրատվական ցանց» ֆեյսբուքյան էջը:
Նույն աղբյուրը գրում է, որ քաղաքում բավարար սնունդ կա, սակայն գները համեմատաբար աճել են: Հաց ևս կա, սակայն հերթեր են գոյանում հացատների մոտ:

Մարդիկ վարանում են բացել առևտրի կետերը:

 

Շարունակվում են կրակահերթեր լսվել ժամանակ առ ժամանակ՝ տարբեր ուղղություններով:

 

Փողոցներում թողնված աղբը և աղբահավաքների բացակայությունը, իրենց հերթին, մտավախություն է առաջացրել, թե կարող են հիվանդություններ տարածվել:

 

Այս պայմաններում հայ երիտասարդները՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միության տարբերանշանով և Սիրիայի դրոշով շապիկներով, սնունդ են բաժանում Հալեպի վերջին դեպքերից տուժած արաբներին, ինչպես նաև՝ ավելի վաղ կազմակերպել էին փողոցների մաքրման աշխատանքներ: