Օբաման վստահ է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի հարցում
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման վստահություն է հայտնել, որ եթե նախագահական ընտրություններն անցկացվեին այսօր, ապա նա հաղթանակ կտաներ: Այս մասին, vz.ru-ի փոխանցմամբ, նախագահը հայտարարել է Մանհեթենում անցկացված Դեմոկրատական կուսակցության նախընտրական հիմնադրամ գումարների հավաքագրման միջոցառման ժամանակ:
Նա հիշեցրել է, որ մինչ ընտրությունները մնացել է 99 օր, և Հանրապետական կուսակցությունն իր միասնական թեկնածու Միթ Ռոմնիի նախընտրական քարոզարշավի վրա ծախսում է բավական մեծ գումարներ: Այդ իսկ պատճառով, նրա խոսքով, դեմոկրատները պետք է հավաքվեն ու «ետ մղեն մրցակցին»:
Նախագահը հերթական անգամ նշել է, որ նոյեմբերին կայանալիք ընտությունների հիմնական թեման տնտեսությունն է: Նա պատմել է այն ջանքերի մասին, որոնք իր վարչակազմը ձեռնարկում է երկիրը ծանր վիճակից դուրս բերելու ուղղությամբ և հայտնել սպասվող խնդիրների մասին:
«Առաջիկա ամիսներին մեզ բարդություններ են սպասվում: Եվրոպայում իրավիճակը նախկինի պես անհանգստացնող է»,- ասել է Օբաման` հավելելով, որ քիչ հավանական է, որ Եվրամիությունը հրաժարվի միասնական եվրոպական արժույթից, սակայն Հին աշխարհի առաջնորդները «պետք է վճռական քայլերի դիմեն»:
«Եթե մենք կարողանանք կայունացնել Եվրոպայում իրավիճակը, կենտրոնանանք կրթության, գիտության ու տեխնոլոգիայի, էներգետիկայի ոլորտների զարգացման վրա, ինչպես նաև ավարտին հասցնենք ներգաղթի մասին օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացը, ապա ոչինչ չի կարող զսպել Ամերիկայի զարգացումը տասնամյակներ շարունակ»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Նյույորքցի ընտրողների հետ հանդիպումն անցկացվել է «Նոմադ» հյուրանոցում: Երեկույթին մասնակցել են 60 հյուրեր, որոնցից յուրաքանչյուրը միջոցառման տոմսը ձեռք է բերել 35.800 դոլարով: Այսպիսով, նախագահի նախընտրական հիմնադրամ է մուտք գործել ավելի քան 2 մլն դոլար:
Իսկ մինչ այդ Միթ Ռոմնին շրջագայում է Եվրոպայով: Նա արդեն այցելել է Մեծ Բրիտանիա, Իսրայել, Լեհաստան:
Ի դեպ, վերջին սոցհարցումները վկայում են, որ ընտրողների համակրանքը երկու թեկնածուներն էլ վայելում են հավասարաչափ: Gallup կազմակերպության` հուլիսի 20-27-ն անցկացված հարցումների համաձայն` և’ Օբամային, և’ Ռոմնիին աջակցում է նույնքան ընտրող` 46%:









