Ռուսաստանը կրկին հայտնվել է կրոնական ազատության իրավունքը խախտող երկրների ցանկում

10:58 • 31.07.12

Ռուսաստանը, ինչպես նախկինում, շարունակում է սահմանափակել կրոնական ոչ մեծ խմբերի ազատ գործունեությունն իր երկրի տարածքում: Այս մասին, vz.ru-ի փոխանցմամբ, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած 2011թ.-ին աշխարհում կրոնական ազատությունների մասին զեկույցում:


Փաստաթղթում նշվում է, որ մի շարք կրոնական կազմակերպություններ դեռևս բախվում են որոշակի դժվարությունների: Ըստ հեղինակների` կրոնական ազատությունների առավել զգալի խախտումներից են կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ծայրահեղականության դեմ պայքարի օրենքի կիրառումը, կրոնական կազմակերպությունները գրանցելու, կրոնական գործիչներին այցագրեր տրամադրելու մերժումն ու գործունեության համար համապատասխան վայրերի տրամադրմանը խոչընդոտելը:


Ըստ զեկույցի` նման միջոցառումները, մասնավորապես, կիրառվել են «Եհովայի վկաների», իսլամցի աստվածաբան Սաիդ Նուրսիի և սայենտոլոգիա աղանդի հետևորդների նկատմամբ:

Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում ռուսական իշխանություններն արգելել են 19 իսլամական կազմակերպության գործունեությունը` դրանք համարելով ահաբեկչական: Ռուսաստանում նաև ոչ մեծ տպաքանակով լույս են տեսնում ծայրահեղ ազգայնական թերթեր, որոնք հրապարակում են հակասեմիթական, հակաիսլամական ու այլատյաց նյութեր:

Բացի Ռուսաստանից, կրոնական ազատության իրավունքը խախտող երկրների ցանկում են հայտնվել Աֆղանստանը, Վյետնամը, Իրանը, Չինաստանը, Կուբան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Սուդանը, Ուզբեկստանն ու Էրիտրեան:

Ինչպես նշում է «Կոմերսանտ»-ը, նման զեկույցներն ավանդաբար արժանանում են ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության քննադատությանը: