Հալեպի ճակատամարտը վճռորոշ կլինի Սիրիայի հարցի կարգավորման համար. արաբագետ
Հալեպ քաղաքի համար ճակատամարտի հանգուցալուծումը կկանխորոշի Սիրիայում տարիուկես շարունակվող պատերազմական ճգնաժամը. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման համոզմունք հայտնեց արաբագետ Սուրեն Մանուկյանը:
«Կարևոր է Հալեպի համար մղվող ճակատամարտը, որովհետև մինչև վերջին այս ամիսը Հալեպը մեկուկես տարի կարողանում էր անվտանգ մնալ, իսկ քանի որ Հալեպը Սիրիայի տնտեսական՝ առևտրական և արդյունաբերության կենտրոնն է, այդ իսկ պատճառով Հալեպի նկատմամբ ավելի մեծ էր իշխանության ուշադրությունը, և ընդդիմություն էլ հասկանալով այդ, մինչ այս զերծ էր մնում Հալեպում գործողություններ ծավալելուց: Սակայն վերջին օրերին մարտավարության փոփոխություն տեղի ունեցավ: Սիրիայի հարցը վերջնակետին հասցնելը Հալեպից է կախված»,- ասաց նա:
Արաբագետի ունեցած տեղեկության համաձայն, Հալեպում այսօր կենտրոնացած են մոտ 10.000 ընդդիմադիր ուժեր, իսկ գրոհայինների նման թիվն, ըստ նրա, շատ լուրջ է, եթե հաշվի առնվի, որ այս պատերազմը ոչ թե ներքին, այլ արտաքին ճնշման հետևանք է:
«Այս ճգնաժամը ներքին հարց չէ, եթե ներքին լիներ՝ մեկ շաբաթում կլուծվեր: Մինչդեռ զենքի ու փողի, տեղեկատվության աջակցության մշտական հոսք կա, ինչն էլ ցույց է տալիս, որ այն միջազգային բնույթ ունի, քան ներսիրիական է: Եթե զենքի և ֆինանսական նման քանակով աջակցություն չլիներ, ապա այս հարցը արագ կլուծվեր»,-բացատրեց Սուրեն Մանուկյանը:
Սիրիայի իշխանության հույսն, ըստ արաբագետի, մնացել է միայն Ռուսաստանը. «Ռուսաստանը լի է վճռականությամբ պաշտպանելու Սիրիային, և այս պարագայում նրանց միակ հույսը ռուսներն են, արտաքին այլ հույս չունեն: Իրանն ինքն է վատ վիճակում՝ տնտեսական շրջափակման մեջ, Չինաստանը միայնակ դուրս չի գա գերտերությունների դեմ։ Արդյունքում, եթե ռուսները մի փոքր զիջեն, կասկածեն իրենց վճռականության մեջ, հարցն արագ կլուծվի հօգուտ ընդդիմության»:
Սուրեն Մանուկյանի կարծիքով՝ այս պահին ընդդիմությունն առավելության չի կարող հասնել Հալեպում։ «Չեն կարող առավելություն ունենալ ընդդիմադիրները: Իշխանությունը քաղաքը կմաքրի քայլ առ քայլ, մանավանդ որ ծանր տեխնիկա է արդեն օգտագործում»,– նշեց նա:
Դրան զուգահեռ, ըստ Մանուկյանի, հարցի երկրորդ կողմն այն է, որ նման ճակատամարտերը կարող են հյուծել իշխանական ուժերին:
Արաբագետը ոչ պակաս կարևոր իրադարձություն է համարում այն, որ ճգնաժամի պարագայում գտնվել է փոխզիջումային ֆիգուրը, ով կարող է փոխարինել Բաշար Ասադին:
«Դա նախկին պաշտպանության նախարարի որդին է՝ Մանաֆ Տլասը, ով Բաշարի մտերիմ ընկերն է: Երբ այս լուրը տարածվեց, որ նա փախել է ու միացել սիրիական ընդդիմությանը, ես անմիջապես մտածեցի, որ փոխադարձ պայմանավորվածություն կա նրանց միջև, որ Մանաֆ Տլասը կգնա և հետ կվերադառնա որպես կոմպրոմիսային ֆիգուր. թվում է, թե այս մարդու շուրջ կոնսենսուս է ձեռք բերվել»,- մեկնաբանեց արաբագետը:
Քաղաքագետը ներկաների ուշադրությունը հրավիրեց քրդական հարցի վրա, ինչը, նրա պնդմամբ, շատ կարևոր է և պետք չի մոռանալ այս խառնաշփոթի մեջ:
«Տասնյակ միլիոնների հասնող քրդերը չունեն պետականություն և ամենուր՝ նման ճգնաժամերի դեպքում, նրանք ակտիվանում են: Հատկանշական է, որ այսօր Սիրիայի հյուսիսային շրջանը վերահսկվում է քրդերի կողմից, քրդերը պաշտպանում են իշխանություններին և դա ցույց է տալիս, որ այստեղ լայն ինքնավարություն հաստատելու համար իշխանության հետ պայմանավորվածություն կա»,- ասաց Մանուկյանն և նշեց, որ Սիրիան, սատարելով քրդերին, նրանց օգտագործում է Թուրքիայի վրա ճնշում գործելու համար:









