Սիրիայում հարձակման է ենթարկվել ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյունը
Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյունը, որում եղել է նաև Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության նոր ղեկավարը, հրաձգության թիրախում է հայտնվել:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Հինգ մեքենաներից բաղկացած ավտոշարասյան վրա ինքնաձիգից կրակ է բացվել Հոմս քաղաքից 17 կմ հեռավորության վրա: Չնայած փամփուշտները հասել են մեքենաներից երկուսին` ՄԱԿ-ի դիտորդներից որևէ մեկը չի տուժել:
Հայտնի չէ, թե կրակ բացողները եղել են կառավարական զորքերի զինվորների, թե՞ զինյալ ընդդիմադիր զինյալների ճամբարից:
ՄԱԿ-ի դիտորդները Սիրիա ուղարկվել էին 2012-ի գարնանը, երբ խոսվում էր Քոֆի Անանի խաղաղության նախագիծը կյանքի կոչելու մասին:Սակայն դա տեղի չունեցավ և խաղաղություն այդպես էլ չհաստատվեց:
Հունիսի սկզբից ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը ժամանակավորապես դադարեցվեց` անվտանգության նկատառումներով:
Այժմ Սիրիայում շուրջ 300 դիտորդներ կան, որոնց այնտեղ գտնվելու 30-օրյա ժամկետը կավարտվի օգոստոսին:
ԱՄՆ-ը Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել են, որ այդ ժամկետի երկարաձգումը նպատակահարմար չեն համարում: Ռուսաստանը պնդում է, որ այդ ժամկետը պետք է երկարաձգվի ևս 3 ամսով:









