Հավատարիմ են լիսկայական բնազդին. Սամվել Հարությունյանը՝ Էյներ Խաչատրյանի այլ հանցանքների մասին
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին և նրա թիմակիցները երեկ ուշ երեկոյան կատարել են հերթական չարագործությունները, ինչը Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը վերջիններիս համար սովորական բան է համարում: «Սուրիկ Խաչատրյանի գերդաստանի արական սեռի բոլոր ներկայացուցիչները փորձում են ամեն կերպ հավատարիմ մնալ լիսկայական արյունարբու բնազդին և ցույց տալ, որ այդ առումով իրենց մարզավիճակը շարունակում է պահպանվել: Այնպես որ՝ երեկ երկոյան կատարվածը դրա հերթական դրսևորումներից մեկն է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ Սուրիկ Խաչատրյանի բոլոր հարազատները, հատկապես՝ երիտասարդներն ուզում են ցույց տալ, որ նմանվում են իրենց գերդաստանի քրեական կերպարին: «Ճիշտ է, նրանք ինչ-որ բաներով նմանվում են, բայց չեն կարող հասնել Լիսկային»,-ասաց Սամվել Հարությունյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչների «հրեղեն դուխը» բավարարում է բոլորովին անմեղ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելուն (Շանթ Հարությունյան, Տիգրան Առաքելյան, Վոլոդյա Ավետիսյան). «Իրենց այդ «դուխը» չեն ուզում օգտագործել Լիսկայի կամ լիսկայականների նկատմամբ»:
Նա նաև նշեց, որ այդ հանցանքը զարմանալի չի նաև այն առումով, որ Բուդաղյան եղբայրների հրեշավոր գնդակահարությունից հետո անգամ Սուրիկ Խաչատրյանը և նրա որդին, թիկնապահը ո´չ միայն քրեական պատասխանատվության չենթարկվեցին, այլև՝ շարունակեցին ազատության մեջ վայելել իրենց «բազում հանցանքների քաղցր պտուղները». «Սուրիկ Խաչատրյանը շարունակում է ղեկավարել ՀՀԿ մարզային խորհուրդը: Այդպիսով բոլորին հասկացնում են, որ Սյունիքում իշխանությունը դե ֆակտո շարունակում է մնալ Սուրիկ Խաչատրյանի ձեռքին»:
Ներկայացնելով Էյներ Խաչատրյանի հանցանքները՝ Սամվել Հարությունյանը պատմեց. «Նա 10 տարի առաջ իր հորեղբոր որդու՝ Մայիս Խաչատրյանի հետ առանձնակի դաժանությամբ, դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է Գորիսի երիտասարդ բնակիչ, երեք մանուկների հայր Հովհաննես Բադալյանին, ինչի համար Էյներ Խաչատրյանը մեկ օր անգամ չի ազատազրկվել: Մամուլը քանիցս գրել է, որ Էյներ Խաչատրյանը Սուրիկ Խաչատրյանի մյուս եղբոր որդու հետ բազմաթիվ մարդկանց են ծեծել, ջարդել, խոշտանգել, բռնաբարել և որևէ պատիժ չեն կրել: Որպես կանոն՝ նրանք այդ մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելուց հետո նրանց առևանգում են, թաքցնում, օրեր շարունակ պահում, հետքերը վերացնում, որից հետո կա´մ ելնելով վախից, կա´մ այդ զոհերի, նրանց մերձավորների արյունը գնելով՝ ստիպում են հայտարարել, որ որևէ բան չի եղել: Կարծես թե ձեռքները քոր է գալիս, նրանց սովորական վիճակն է դա: Նույն բանը հայտարարում է նաև ոստիկանությունը: Հետո էլ զարմանում են, թե ինչու են գորիսցիները վախեցած»:
Գորիսի նախկի քաղաքապետի խոսքով՝ Հայաստանում ցմահ ազատազրկվածների մեծագույն մասի հանցանքները եղել են ավելի նվազ ծանրության, քան Էյներ Խաչատրյանի հանցանքներն են:
Նա նաև շեշտեց, թե մազաչափ չի կասկածում, որ այդ գերդաստանի արական սեռի գրեթե բոլոր անդամները թմրամոլներ են, քանիցս հրապարակումներ եղել են, որ Սյունիքում թմրանյութերի գլխավոր տարածողներն են, և այդ բիզնեսի մենաշնորհը պատկանում է նրանց:










