Մասնագիտության ընտրությունն ամուսնության պես մի բան է. հոգեբանը՝ շրջանավարտների ընտրության մասին

22:17 • 26.05.14

Մասնագիտության ընտրությունը շատ ճակատագրական հարց է, ամուսնության ընտրության պես մի բան: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով շրջանավարտների մասնագիտական ընտրության հարցին: Նա նշեց, որ երբեմն շատ տաղանդավոր շրջանավարտը, որ տարբեր հետաքրքրություններ ունի շատ տարբեր ասպարեզներում, չի կարողանում կողմնորոշվել, թե որն է իրենը:

 

«Այս դեպքում արդեն իսկապես կողմնորոշման համար մասնագիտական խորհրդատվության կարիք կա: Ռեֆերենտային մարդկանց հետ խորհրդակցելը միայն կարող է օգնել»,-նշեց Կարինե Նալչաջյանը՝ շարունակելով, թե շատ հաճախ ծնողներն իրենց զավակներին փորձում են դարձնել իրենց երազանքների և հատկապես՝ չիրականացած երազանքների իրականացնողները:


«Եթե դու ես նրա փոխարեն որոշում կայացնում, նշանակում է՝ նրա անձի ազատությունը չի հարգվում: Շատ են դեպքերը, երբ երեխաները ենթարկվում են ծնողներին՝ ելնելով ծնողի հեղինակությունից կամ չկարողանալով դիմակայել ճնշումներին, հետո ունենում են շատ լուրջ խնդիրներ»,-նկատեց հոգեբանը:


Վերջինիս խոսքով՝ ընտրությունը պետք է թողնել երեխային:
«Եթե մարդը լիարժեք կյանքով է ուզում ապրել, նրան պետք է իր ներուժն իրականացնելու հնարավորություն տրվի: Չսիրած մասնագիտությամբ ամբողջ կյանքում մի տեսակ քարշ եկող մարդն ըստ էության՝ երջանիկ չէ»,-ընդգծեց Կարինե Նալչաջյանը, ապա ավելացրեց. «Եթե հոգեբանական տեսանկյունից շատ կարճ բնութագրեմ, թե ինչ է երջանկությունը, դա սեր և աշխատանք ունենալն է: Եթե կա մեկը, չկա մյուսը, սա նշանակում է՝ լիարժեք չէ մարդու երջանկությունը»:

 

Հոգեբանի բնորոշմամբ՝ եթե ստացել ես մասնագիտություն, որը քո էությանը չի համապատասխանում, ուղղակի շատ սիրելի մարդու ցանկությունն ես կատարել և գնացել այդ ճանապարհով, չես կարող լիարժեք ապրել քո կյանքը:


Դիտարկմանը, թե դիմորդները հաճախ գնում են նորաձև մասնագիտությունների ետևից, հոգեբանն արձագանքեց. «Գիտեք, այդ ձեր ասած նորաձևությունը շատ հաճախ փոխվում է: Եթե բուհ դիմելու պահին ինչ-որ մի մասնագիտություն է նորաձև, ապա ավարտելու պահին հնարավոր է, որ այլ մասնագիտություն նորաձև դառնա»: