Տեղի ունեցավ «Հայ բոլշևիկների հակապետական գործունեությունը 1919-1920թթ.» փաստաթղթերի ժողովածուի շնորհանդեսը
Հանրապետության օրվան ընդառաջ «Մոդուս վիվենդի» կենտրոնում տեղի ունեցավ «Հայ բոլշևիկների հակապետական գործունեությունը 1919-1920թթ.» փաստաթղթերի ժողովածուի շնորհանդեսը, որի կազմող Վլադիմիր Հարությունյանը մանրամասներ ներկայացնելով ասաց, թե ամենևին մտադրություն չկա ստվերել կամ թերագնահատել այդ ժամանակաշրջանին վերաբերող ցանկացած գրականություն:
«Բայց զուտ գիտական առումով վտանգավոր միտում է նկատվում, որ համացանցից մի թռուցիկ է վերցվում և ընթերցողին ներկայացվում որպես միակ և վերջնական ճշմարտություն: Այս ժողովածուում մենք զերծ մնացինք մեկնաբանություններից, քանի որ մեր ընթերցողը միջնորդի կարիք չունի և գրագետ է»,- ասաց Վլադիմիր Հարությունյանը:
Հրապարակված փաստաթղթերում պահպանված է փաստաթղթի բնութագրում առկա ուղղագրությունը:
«Ցավոք, մեր ժողովրդի մեծ մասը դեռ չի ձերբազատվել բոլշևիկյան մտածողությունից և հուսով եմ, որ ծանոթանալով ներկայացված փաստաթղթերին՝ անհրաժեշտ հետևություններ կանի: Ավելի քան 400 էջանոց այս գիրքն ի մի է բերում 1919-1920թթ. հայ բոլշևիկների պետականակործան գործունեությունը վկայող հայերեն և ռուսերեն 200-ից ավելի արխիվային փաստաթղթեր»,- ներկայացրեց Վլադիմիր Հարությունյանը:










