Հայաստանը իշխանությունների կողմից դիտարկվում է որպես բիզնես-նախագիծ. Զոյա Թադևոսյան

13:15 • 27.05.14

«Հայ ազգային կոնգրեսի» քաղխորհրդի անդամ Զոյա Թադևոսյանը գտնում է, որ Հայաստանը, կարծես թե, վերջին տարիների իշխանությունների կողմից դիտարկվում է որպես բիզնես-նախագիծ:


«Լավատեսական ոչինչ չեմ տեսնում մարդկանց տրամադրություններում: Երբ արդեն պետական անձն է ասում, որ երկրում տնտեսական վիճակը բարվոք չէ, դա արդեն լուրջ վիճակ է: Հայաստանի ամենակարևոր տնտեսական ռեսուրսը լքում է երկիրը: Որևէ երկրի համար չկա ավելի թանկ տնտեսական ռեսուրս, քան մարդն է, որը մենք կորցնում ենք անդառնալիորեն, չարակամորեն կազմակերպված քաղաքականության հետևանքով»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:


Անդրադառնալով տնտեսության ներդրումներին՝ նկատեց, որ ներդրումները գնալով նվազում են, իսկ եթե ներդրումային իրավիճակը երկրում բարվոք չէ, դա արդեն լուրջ խնդիր է: «Ժամանակը չի ներում, և մենք ամեն օր կորցնում ենք մեր զարգանալու հնարավորությունները»,- ասաց նա՝ շեշտելով, որ գիտակ կառավարությունը կարող է շտկել այդ իրավիճակը:


Ինչ վերաբերում է կառավարության ծրագրում ներդրումային հիմնադրամներ ստեղծելու կետին, որին հավանություն է տվել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը, Զոյա Թադևոսյանը նշեց, որ այդ առումով համամիտ չէ Հրանտ Բագրատյանի հետ, յուրաքանչյուր ներդրող ինքը պետք է տեր լինի իր սեփականությանը, և այդտեղ հիմնադրամների խնդիր չկա: