Անգլիայում կայացել է սարի վրայից պանիր գլորելու արգելված առաջնությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Անգլիայի Գլոսթերշիր կոմսությունում անցկացվել է սարի վրայից պանիր գլորելու ավանդական առաջնությունը, թեև մի քանի տարի է՝ այն պաշտոնապես արգելված է, գրում է lenta.ru-ն։
BBC News-ի փոխանցմամբ՝ մրցույթը դիտելու համար հավաքվել է մոտ 5.000 մարդ։
Վազքի առաջին մասում հաղթող է ճանաչվել 19-ամյա գործազուրկ Ջոշ Շեպերդը։ Նա պանրին հասել է այլ մասնակիցներից ամենաշուտը, սակայն նշել է, որ այս կաթնամթերքի հանդեպ անտարբեր է։
Մրցույթի 2-րդ մասում հաղթանակ է տոնել Ռայան Ֆերլին։
Կանանց շրջանում առաջատար է դարձել 17-ամյա Լյուսի Թաունսենդը։ Ընդհանուր առմամբ, կազմակերպվել է 7 վազք։
Մրցույթի համար պանիր է տրամադրել 87-ամյա բնակչուհի Դիանա Սմարթը, ով մրցույթի կազմակերպիչների հետ համագործակցում է ավելի քան 25 տարի։
Պանրի հետևից վազելու առաջնությունը Գլոսթերշիրում գոյություն ունի 19-րդ դարից։ 2009-ին տեղի իշխանությունները մրցույթը համարել էին օրենքից դուրս, և 2010-ից ի վեր այն արդեն անցկացվում է ոչ պաշտոնապես։

























