1918 թ.-ի ներքին և արտաքին պայմաններն այսօրվա պայմանների հետ անհամեմատելի են՝ հօգուտ այսօրվա. Ալեք Ենիգոմշյան
Առաջին հանրապետության տարիներին թեև թույլ են տրվել կարևոր սխալներ, սակայն չի կարելի հերքել, որ այդ ժամանակվա ղեկավարությունն իսկապես եղել է ազնիվ, նվիրված, և այն, ինչ հնարավոր է եղել այն ժամանակ իրականացրել, իրենք արել են: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը:
«Երրորդ հանրապետության այս 2 տասնամյակի ընթացքում ինչը որ պակասել է, պատճառն այն է, որ մենք չունեցանք այնպիսի ղեկավարություն, ովքեր ազնվության և նվիրվածության բարձր աստիճանի վրա էին: Սա տարբերություն է, որը խոսում է ի օգուտ այն ժամանակվա և ի վնաս ներկայիս իշխանությունների»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:
Վերջինիս խոսքով՝ պետք է այսօր այդ պակասող հանգամանքը գտնել և այդ խնդիրը լուծել:
ԱՍԱԼԱ-ի մարտիկն ասում է, որ եթե համեմատենք այն ժամանակվա ներքին և արտաքին պայմաններն այսօրվա պայմանների հետ, ապա դրանք անհամեմատելի են՝ ի վնաս այն ժամանակվա:
«Հիմա, ընդհանուր առմամբ, ավելի բարենպաստ պայմաններ են: 1918-1920 թվականները Ռուսաստանից հետ քաշվելու տարիներ էին, հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը վերադարձել է, և մեր ինքիշխանությունը շատ բանով է ետ ընկել, բայց դա չի նշանակում, որ դա մեր ճակատագիրն է, ոչ էլ նշանակում է, թե Ռուսաստանին որպես թշնամի երկիր պիտի նայենք»,-նշեց Ալեք Ենիգոմշյանը՝ հավելելով, թե մենք մեր արժանապատվությունը պետք է պահենք:










