Սյունիքի մարզպետը` Սուրիկ Խաչատրյանի հայտարարության մասին, թե Գորիսում ընտրություններն ավարտված են

18:58 • 27.05.14

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Աժ-ում Tert.am-ի խնդրանքով մեկնաբանեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը, թե Գորիսի քաղաքապետի ընտրություններն արդեն ավարտված են. «Ընտրությունները հունիսի ութին կայանալու են, երկու թեկնածու կա, երկուսն էլ ինքնաբացարկ է հայտնել, ու այդ օրը Գորիսի ազգաբնակչությունն իր քվեն տալու է իր նախընտրած թեկնածուին»։


Վահե Հակոբյանը հավատացրեց, որ ինքնաբացարկ հայտնած երկու թեկնածուների վրա ճնշումներ չեն եղել: «Տիգրան Կարապետյանը հայտարարել է, որ հաշվի առնելով իրավիճակը՝ հանուն Գորիսի, հանուն նրա, որ պառակտվածություն, հասարակության մեջ ինչ-որ ընդվզումներ չլինեն, նպատակահարմար է գտնում ինքնաբացարկ հայտնել»,-ասաց նա։


Մարզպետը նաև հերքեց տեղեկությունները, թե երկու օր առաջ կատարված միջադեպը, երբ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին ծեծկռտուք է կազմակերպել, կապ ունեն այդ ընտրությունների հետ: «Ես ասում եմ՝ տեղի է ունեցել ծեծկռտուք, և քրեական էլեմենտներ կան, ու դա իրավական դաշտում է»,-նշեց նա:


Մեր հարցին, թե քաղաքացիների անվտանգությունը կարո՞ղ է ապահովել՝ որպես մարզպետ, Հակոբյանն արձագանքեց. «Ես իմ լիազորությունների շրջանակում իրականացնում եմ դա»: Ճշտող հարցին՝ գորիսցիները ազատ կամք կարո՞ղ են արտահայտել առաջիկա ընտրություններին, նա պատասխանեց. «Իհա´րկե, ի՞նչի մասին է խոսքը»։


Իսկ թե ինչու են այդ դեքպում ասում, որ երբեմնի արծվաբույն համարվող Գորիսը դարձել է հավաբուն, մարզպետը նշեց, թե անլուրջ հարցերի չի պատասխանում։