Հրազդանի ձորի՝ արջեր պահող ռեստորանային համալիրից հերքում են, թե փողոցում շրջող արջը իրենց է պատկանում

13:30 • 27.05.14

1970թ-ից հետո, երբ Երևանի գազանանոցից փախել էր Վովա փիղը և շրջել մայրաքաղաքի փողոցներով, երեկ գրանցվել է երկրորդ նմանատիպը դեպքը: Հալաբյան փողոցում երեկ հայտնաբերված արջի մասին դեռևս նոր տեղեկատվություն չկա՝ որտեղից է փախել կամ ում է պատկանում: Իսկ այսօր արդեն լուրեր են տարածվել, թե հայտնաբերված արջը փախել է Հրազդան ձորում գործող «Արջանոց» ռեստորանային համալիրից, ինչը սակայն Tert.am-ի հետ զրույցում սեփականատերը հերքեց և բոլորին հրավիրեց տեսնելու իրենց արջերին և համոզվելու նրանք անվտանգ վայրում են:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց սեփականատեր Նազիկը, իրենք ունեն երկու մեծ արջ՝ հայր և մայր և երկու ձագեր, որոնք բոլորն էլ տեղում են և կուշտ:

«Եթե գաք մեզ մոտ ու տեսնեք մեր արջերին, կհամոզվեք, որ նրանք չէին կարող փախչել, դա երևի ինչ-որ մեկը կորցրել է կամ վայրի արջ է»,-ասաց նա:

Թե իրականում որտեղից է արջը հայտնվել Երևանի փողոցներից մեկում Արտակարգ իրավիճակների նախարարությունից դեռևս տեղեկություն չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին, ժամը` 23.00-ին ՀՀ ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում` «Սպիտակ կենտրոն» լողավազանի մոտակայքում, նկատվել է արջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վնասազերծել են արջին, իսկ դեպքի վայր ժամանած կենդանաբանական այգու աշխատակիցները կենդանուն տեղափոխել են անվտանգ տարածք: