Guardian-ի նախկին լրագրողը խոստացել է հրապարակել նրանց անունները, որոնց գաղտնալսել են ԱՄՆ իշխանությունները
Ամերիկացի լրագրող Գլեն Գրինվալդը, ով հրապարակել էր ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից ստացված տվյալները, խոստանում է հրապարակել կոնկրետ մարդկանց անուններ, որոնց հետևել են ԱՄՆ իշխանությունները, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Լրագրողի խոսքով՝ այդ տեղեկությունը կդառնա ամենասենսացիոնը նախկինում բոլոր հրապարակվածներից։ «Ամենագլխավոր հարցերից մեկն այն է, թե հատկապես ում է լրտեսում Ազգային անվտանգության գործակալությունը՝ իշխանություններին քննադատողների՞ն, այլախոհներին և ակտիվիստների՞ն, թե՞ այն մարդկանց, որոնք իսկապես կարող են ահաբեկիչներ լինել։ Ինչպիսի՞ չափանիշներ կարող են լինել, թե ում կարելի է լրտեսել, և ի՞նչ է լինում ստացված տվյալների հետ»,- ասել է Գրինվալդը։
Վերջին շրջանում լրագրողը գտնվել է ԱՄՆ-ում, որտեղ ներկայացրել է իր նոր՝ «Փախչելու տեղ չկա։ Էդվարդ Սնոուդեն, ԱԱԳ և ամերիկյան ոստիկանական պետություն» գիրքը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ անունների ցուցակը կհրապարակի Intercept առցանց պարբերականը, որը ֆինանսավորվում է eBay ընկերության հիմնադիր Պիեր Օմիդյարի կողմից։ Պարբերականի հետ Գրինվալդը սկսել է համագործակցել 2013-ի վերջից՝ բրիտանական Guardian-ը լքելուց հետո։










