«Լուգանսկի Հանրապետության» ղեկավարը «Դոնեցկի Հանրապետության» ղեկավարին պատերազմ է հայտարարել
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավար Վալերի Բոլոտովը կոշտ քննադատության է ենթարկել «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավարությանը՝ Դոնեցկն ուկրաինական զորքերին հանձնելու և հակառակորդին ոչ բավարար դիմադրություն ցույց տալու համար։ Այդ մասին հայտարարել է Բոլոտովի մամուլի ծառայությունը, գրում է obozrevatel.com-ը:
Բոլոտովի կարծիքով՝ Ուկրաինայի հակաահաբեկչական գործողության ուժերի կողմից Դոնեցկի մաքրումը և քաղաքի հանձնումն ուկրաինական բանակին «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավար Դենիս Պուշիլինի հանցագործությունն է «սեփական ժողովրդի» դեմ:
«Դոնեցկի Հանրապետության» առաջնորդները «խայտառակ վախկոտներ և դավաճաններ» են, կարծում է Բոլոտովը, իսկ քաղաքն ուկրաինական զորքերին հանձնելը՝ դավաճանություն։
Նա հայտնել է, որ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավարությունը «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում», իսկ որպես սեփական ժողովրդի դավաճաններ՝ նրանք ենթակա են ոչնչացման: Նա հավելել է, որ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավարին օրենքից դուրս մարդ է համարում և նրան պատերազմ է հայտարարում։










