«Դոնեցկի Հանրապետության» ղեկավարին պատերազմ չի հայտարարվել. «Լուգանսկի Հանրապետություն»

11:37 • 27.05.14

«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» մամուլի ծառայության ներկայացուցիչն ապատեղեկատվություն է անվանել մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրությունները, թե «Լուգանսկի Հանրապետության» ղեկավար Վալերի Բոլոտովը քննադատել է «Դոնեցկի Հանրապետության» ղեկավար Դենիս Պուշիլինին և պատերազմ հայտարարել նրան, գրում է ria.ru-ն:

 

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել են, որ Բոլոտովը քննադատել է Պուշիլինին, որ վերջինս թույլ է տվել հանձնել Դոնեցկն ուկրաինացի ուժայիններին: Նաև հաղորդվել էր, որ նա «Դոնեցկի Հանրապետության» ղեկավարին օրենքից դուրս մարդ է համարում և նրան պատերազմ է հայտարարում։

 

«Լուգանսկի  Հանրապետության» մամուլի ծառայության ներկայացուցիչը ria.ru-ին հայտնել է, որ դա բացահայտ սուտ է և միտումնավոր ապատեղեկատվություն:

 

«Ոչ մի նման հայտարարություն Վալերի Բոլոտովը չի արել»,- ասել է նա:

 

Գործակալության զրուցակցի խոսքով՝ անցած գիշեր համապատասխան բացատրությունը տեղադրվել է «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» կայքում, բայց կայքն անհասանելի է դարձել DdoS հարձակման պատճառով։