Հայտնաբերվել է Նիգերիայում առևանգված 200-ից ավելի աշակերտուհիների գտնվելու վայրը
Նիգերիայի պաշտպանության շտաբի ղեկավար Ալեքս Բադեհը հայտարարել է, որ հայտնաբերել են առևանգված 200 աշակերտուհիների գտնվելու վայրը։
«Լավ նորություն է այն, որ մենք գիտենք, թե որտեղ են նրանք, սակայն չենք կարող ասել»,- հայտարարել է նա։
Reuters-ի տվյալներով՝ դեռ աղջիկներին ազատ արձակելու համար ուժ չի գործադրվելու։
Մեծ Բրիտանիան մայիսի 17-ին առաջարկել էր օգնել երկրի իշխանություններին իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման դեմ պայքարում և Նիգերիա մասնագետներ ուղարկել։
Այս խմբավորման դեմ պայքարի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին «Բոկո Հարամ» խմբավորումը հարձակում էր իրականացրել դպրոցներից մեկի վրա և առևանգել էր մոտ 276 աշակերտուհու։
Ոստիկանության տվյալներով՝ 53 դեռահաս կարողացել էր փախուստի դիմել, իսկ 223-ը դեռ բանդիտների ձեռքում են։










