Ընտրություններն ավարտվում են քվեարկությունից հետո. Տիգրան Մուկուչյանը՝ Սուրիկ Խաչատրյանի հայտարարության մասին

14:30 • 27.05.14

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը, որ Գորիսում քաղաքապետի ընտրություններն ավարտված են, պատասխանեց, որ ընտրապայքար է ընթանում, և այն անձինք, ովքեր այս կամ այն կերպ մասնակցում են ընտրապայքարին՝ իրենց տեսակետներն ու կարծիքները կարող են ազատ արտահայտել:

«Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա ընտրություններն ավարտվում են, երբ ավարտվում է քվեարկությունը և դրան հաջորդող օրենքով սահմանված համապատասխան քայլերը»,-ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե այդ հայտարարությամբ կասկածի տակ չի դրվո՞ւմ արդյոք իր ղեկավարած կառույցի գործունեությունը, Մուկուչյանը հակադարձեց. «Նման հայտարարությունը որևէ կերպ չի առնչվում մեր կառույցին, ընդամենը ներկայացվել է կարծիք, այդ կարծիքի հետ կապված ես անգամ հարկ չեմ համարում որևէ մեկնաբանություն անել, որովհետև կառույցը լիակատար աշխատում է օրենքին համապատասխան և կարձանագրվի ընտրության ավարտը, երբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կկայացնի համապատասխան որոշում: Սա է իրավական ելքը, մնացած կարծիքները ոչ կարող են անդրադառնալ, ոչ կարող են ազդել թե քվեարկության ընթացքի, թե հանձնաժողովների կողմից կայացվող որոշումների վրա»։

Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ նման հայտարարությունների պատճառով մարդիկ հակված են մտածել, որ ընտրության արդյունքները կանխորոշված են, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, թե ԿԸՀ-ն որևէ գործառույթ այս պարագայում կամ անմիջական անելիք չունի։ «Որովհետև դա իրականացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից, այդուհանդերձ ընտրության արդյունքը ոչ թե կանխորոշելու մասին պետք է մտածել, այլ ընտրության արդյունքը որոշվում է ընտրություններից հետո՝ քվեաթերթիկները հաշվելով և քվեարկության արդյունքներն արձանագրելով։ Սա պետք է քաջ գիտակցի յուրաքանչյուր ընտրող, և երբ գնում է սեփական կամարտահայտությունն արտահայտելու, պետք է ունենա հստակ մի բանի գիտակցում, որ ընտրության արդյունքը իր տված քվեի լիարժեք հաշվարկումն ու ամրագրումն է»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե ինքնաբացարկ հայտնած Արա Բուդաղյանը Tert.am-ի հետ զրույցում մինչև ինքնաբացարկ հայտնելը նշել էր, որ արդեն կան ընտրակաշառքներ բաժանելու, ճնշումների դեպքեր, Տիգրան Մուկուչյանն ասաց, որ յուրաքանչյուր նման պարագայում անհրաժեշտ են հստակ դիմում-բողոքներ, հակառակ դեպքում հանձնաժողովը նման հայտարարություններով անկարող է իրականացնել որևէ վարույթ:

«Այսինքն ՝ եթե հրապարակվում է, որ կա այսինչ փաստը, փաստը ենթադրում է որոշակի փաստական հանգամանքների համակցություն և գոնե պետք է ասվի՝ ում կողմից, երբ, ինչ միջոցներով։ Հակառակ պարագայում դրանք բոլորը դառնում են ընդամենը հայտարարություններ, որոնք զուրկ են որևէ փաստական հիմքից»,-նշեց նա:

Հարցին, թե արդյոք ԿԸՀ-ն ունի՞ լիազորություն՝ հետամուտ լինելու մամուլում հնչող այն պնդումներին, որ Գորիսի քաղաքապետի թեկնածուներ առաջադրվածներից երկուսը ինքնաբացարկ են հայտնել ճնշումների միջոցով, Տիգրան Մուկուչյանը նշեց, որ դիմումի տեքստում շարադրված է ընդամենը «հայտնում եմ ինքնաբացարկ» արտահայտությունը:

«Բնականաբար նման պայմաններում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չունի որևէ այլ գործառույթ, քան քննելով այդ դիմումները՝ կայացնել որոշում թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին: Հիմա ընտրապայքարում մնացել են երկու թեկնածուներ, որոնք սահմանված կարգով իրենց ընտրապայքարն իրականացնում են: Առավոտվա դրությամբ նշված տարածքի թեկնածուների կողմից դիմում բողոքներ չեն ստացվել»,–ասաց Տիգրան Մուկուչյանը։