Ուկրաինան ռուսական գազի դիմաց վճարելու համար նախապայման է ներկայացրել
Կիևն օգտագործած գազի դիմաց կվճարի միայն այն դեպքում, երբ Մոսկվան հաստատի կապույտ վառելիքի հետագա սակագինը. ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հաղորդել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակը։
«Մենք կվճարենք, երբ Ռուսաստանը հաստատի գազի հետագա սակագինը։ Առաջարկությունները, որոնք արվում են հիմա՝ վճարելու, հետո գնի շուրջ բանակցելու վերաբերյալ, մեզ ձեռնտու չեն»,-ասել է նա։
Նա խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների անհրաժեշտության մասին, որտեղ, ֆինանսների նախարարի կարծիքով, երաշխիքներ կլինեն Ուկրաինային 1000 խորանարդ մետրի դիմաց 268.5 դոլարով գազ վաճառելու վերաբերյալ։
«Եթե նման պայմանավորվածություն չլինի, մենք ոչինչ չենք վճարի (մինչև շաբաթվա վերջ)»,-ասել է Շլապակը։
Բացի այդ, նախարարն ընդգծել է, որ Ուկրաինան բավարար չափով արժութային պահուստներ ունի վճարելու համար։
Հիշեցնենք, որ երկուշաբթի Բեռլինում կայացած բանակցություններից հետո էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը հաղորդել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են մինչև չորեքշաբթի երեկո պայմանավորվել գազի պարտքը վճարելու շուրջ, իսկ վճարումը տեղի կունենա հինգշաբթի։ Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի ռուսական գազի դիմաց՝ չնայած Մոսկվայի հասցեին հնչեցված բոլոր մեղադրանքներին։










