ԱՊՀ-ից Ուկրաինայի դուրս գալը դրամատիկացվում է. տեսակամուրջ

16:06 • 27.05.14

«ԱՊՀ գագաթնաժողով. համագործակցության արդիական օրակարգը» թեմայով այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև-Քիշնև տեսակամուրջ, որի ժամանակ բանախոսները քննարկեցին ԱՊՀ-ից Ուկրաինայի դուրս գալու հարցը:


Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոյի՝ Ուկրաինայի նախագահ ընտրվելուց հետո երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը հայտարարել էր, թե Ուկրաինան սկսում է Անկախ պետությունների համագործակցությունից դուրս գալու գործընթացը:

 

Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, թե իրենք մի քիչ դրամատիկացնում են ԱՊՀ-ից Ուկրաինայի դուրս գալու հարցը. «Բոլորին պարզ է, որ ԱՊՀ-ն արդեն այն կարևորագույն միավորումը չէ, և Ուկրաինայի դուրս գալը ԱՊՀ-ից մեծ խնդիր չի լինի»:

 


Երևանից մեկ այլ բանախոս, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, թե ԱՊՀ-ի անդամ երկրները նորմալ երկրներ են, սակայն ինքը մտածում է, որ ժամանակն է անցնել նոր ֆորմատի: «ԱՊՀ-ի ֆորմատն արդեն իրեն սպառել է, մենք պետք է գտնենք նոր ֆորմատ: Ժամանակն է անցնել այլ ֆորմատների և այդպիսով ուղղել այն սխալները, որոնք եղել են նախորդ համագործակցության շրջանակներում»,- ասաց նա:


Վերջինիս խոսքով՝ այսօր կարելի է ավելի ռեալ և պատրաստված միություններ ձևավորել:


Մոսկվայից բանախոս, ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսևն իր հերթին նկատեց, որ ԱՊՀ-ի կողմից Ուկրաինային կորցնելը շատ ծանր կլինի, ինչպես նաև ԱՊՀ-ից դուրս գալով կտուժի Ուկրաինան: «Կկորցնի Ուկրաինան՝ կկորցնի ԱՊՀ-ն: Պետք չի լինել տնտեսագետ հասկանալ համար, թե ինչ է կատարվում Ուկրաինայում»,- ասաց նա:


Վերջինս նաև նշեց, թե ԱՊՀ-ին չանդամակցելը Ուկրաինային չի բերի ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական դիվիդենտներ:


Ալեքսանդր Գուսևը նաև հիշեցրեց, թե ինչպես նշել էր ՌԴ նախագահը, Ուկրաինայի դերակատարությունը մեծ կլինի Եվրասիական տնտեսական միության ստեղծման հարցում: «Ուկրաինայի դերը քաղաքական առումով ևս պետք չէ թերագնահատել: ԱՊՀ կազմում մեծ է նաև Ուկրաինայի տնտեսական դերակատարությունը. ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառության մեկ ութերորդը Ուկրաինայինն է»,- ասաց նա՝ այդպիսով ընդգծելով ԱՊՀ-ի կազմում Ուկրաինայի դերը:


Կիևից քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ուկրաինական մասնաճյուղի տնօրեն Դենիս Դենիսովն էլ ասաց, թե Ուկրաինայի՝ ԱՊՀ-ն լքելու դեպքում խնդիրներ կառաջանան նաև մյուս անդամ երկրների մոտ, քանի որ Ուկրաինան հարյուրավոր համաձայնագրերի կողմ է: «Դա Ուկրաինայի համար կնշանակի ազատ առևտրի գոտու դադարեցում ԱՊՀ տարածքում: Կարծում եմ՝ Պորոշենկոն պրագմատիկ անձ է և պետք է այդ ինֆորմացիան կշռադատի և չշարունակի այդ քաղաքականությունն առաջ տանել»,- ասաց նա: