Forbes-ի տվյալներով՝ Անգելա Մերկելը կրկին գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արդեն 9-րդ անգամ գլխավորում է ԱՄՆ Forbes ամսագրի կողմից ամեն տարի կազմվող՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Այսօր հրապարակված վարկանշային աղյուսակում 2-րդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջանեթ Յելլենը, ով Forbes-ի ցուցակում էր հայտնվել առաջին անգամ:
Երրորդ տեղը, ինչպես նախկինում, զբաղեցրել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի կինը` Մելինդան, ով ընտանեկան բարեգործական հիմնադրամի համանախագահն է:
Նրան հաջորդում է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսսոֆը, ով անցյալ տարի երկրորդ հորիզոնականն էր զբաղեցրել:
Ամենաազդեցիկ կանանց «հնգյակը» եզրափակում է միջազգային արժույթի հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը:
Ամենաերիտասարդն աղյուսակում 28-ամյա ամերիկացի երգչուհի Լեդի Գագան է, իսկ ամենատարեցը՝ Մեծ Բրիտանիայի 88-ամյա Ելիզավետա II թագուհին:










