Գորիսում Սուրիկ Խաչատրյանի հարազատները որևէ մեկին չեն ծեծել. Վլադիմիր Գասպարյան
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին ոչ ծեծել, ոչ էլ առևանգել է գորիսեցի երիտասարդ եղբայրներին, ինչպես այս մասին մի քանի օր է՝ գրում է մամուլը:
«Չկան ձերբակալվածներ, և չեմ ցանկանում կանխավ կարծիք հայտնել, բայց լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները՝ դանակահարություն, առևանգում, ծեծ, իրականությանը չեն համապատասխանում: Մի քանի ուղղություններով ճշտվել է»,- ասաց նա:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Էյներ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել՝ քրեական հանցակազմ պարունակող երևույթներ չլինելու պատճառով:
Ինչ վերաբերում է Վերնիսաժի տարածքում տեղի ունեցած կրակոցներին, ապա ոստիկանապետը նշեց, որ քննություն է ընթանում: «Բոլոր նրանք, որոնք ներգրավված են, մեզ հայտնի են, պարբերաբար կիրազեկենք ձեզ»,-ասաց նա:










