Ադրբեջանն առաջին գծում առավելության պատրանք ստեղծելու համար տոնական օրերն էլ է օգտագործում. Դ. Ջամալյան

19:05 • 28.05.14

Ադրբեջանը կանոնավոր կերպով, կայուն պարբերականությամբ ձգտում է լարված պահել իրավիճակն առաջնագծում:
Այս մասին Tert.am –ին հայտնեց պաշտպանության նախարարի խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները հատկապես՝ տոնական, խորհրդանշական օրերին պատահականությու՞ն է համարում:


«Սա արդեն գործելաոճ է, օրինաչափություն է: Ադրբեջանական կողմը փորձում է իր ագրեսիվ կեցվածքն ի ցույց դնել նաև տոնական օրերին, քանի որ տոնն ինքնին կարևոր նշանակություն ունի,այն այս դիվերսիոն գործողությունների հավելյալ պատճառներից մեկն է, բայց կարծում եմ՝ մենք ավելի հիմնավոր պատճառներից պետք է խոսենք»,-ասաց Դավիթ Ջամալյանը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, ժամը՝ 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն՝ 2 զոհ և 1 վիրավոր, իսկ Պաշտպանության բանակը՝ մեկ կորուստ, քանի որ հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

 

Ուշագրավ է, որ հենց այսօր Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները՝ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ, հերթական ուսումնավարժանքներն են անցկացնում ճակատային գոտում:



Կայուն պարբերականությամբ պետական սահմանին լարվածություն ստեղծելու ադրբեջանական փորձերն, ըստ Դավիթ Ջամալյանի, մի կողմից՝ քարոզչական, հոգեբանական, բարոյական, դիվանագիտական ճնշման մեխանիզմ են՝ որպես «գոյություն ունեցող իրավիճակին Ադրբեջանի անհամաձայնությունն» ի ցույց դնելու փորձ, մյուս կողմից՝ երկրի պաշտպանության նախարարի փոփոխությունից հետո ադրբեջանական ստորաբաժանումները հատկապես՝ առաջին գծում ավելի մարտունակ դարձնելու փորձ են:

 

«Բայց ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր նախահարձակ քայլերին հայկական կողմը կտրուկ պատասխան տվել է և տալու է»,-ասաց պաշտպանության նախարարի խորհրդականը:


Այսինքն, ըստ Ջամալյանի, մեր պատասխանը այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ չի կարելի թույլ տալ, որ առաջին գծում թեկուզ՝ հոգեբանական առավելությունն անցնի թշմանու կողմը: