Հայաստանում այսօր հացի խնդիր ոչ մեկ էլ չունի. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)

13:52 • 28.05.14

Երկրապահ կամավորական միության ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր Սարդարապատի հուշահամալիրի տարածքում զրուցեց լրագրողների հետ և անդրադարձավ անկախության, երկրի սոցիալական վիճակին, ինչպես նաև արտագաղթին: Նա նշեց, որ հայ ժողովրդի ամենակարևոր խնդիրը անկախությունը պահելը և զավակներին փոխանցելն է, իսկ հացի խնդիր այսօր ոչ ոք չունի։

-Այս տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել մեր կյանքում, հատկապես հաղթանակները պահելու իմաստով:

-Ինչի՞, դու քո ախպերների, հորողբերների վրա կասկածո՞ւմ ես, չեն կարո՞ւմ պահեն սահմանը, քեզ եմ հարցնում...

-Երկու պետականություն արդեն կորցրել ենք:

-Չենք կորցրել, էս մեկը հարյուր տոկոս, մանավանդ քո խաթր:

-Բայց ժողովրդի մեջ տրամադրության անկում չեք նկատո՞ւմ, ժողովուրդը կարծես հիասթափված է:

-Ավելի վատ տրամադրություններ կան, ես ոչ մեկից էլ հիասթափված չեմ, թե դուք ումից եք հիասթափված՝ չգիտեմ:

-Իսկ Ձեր կողքի էջմիածնեցինե՞րը:

-Էջմիածնեցին վաբշե գոհ ու լավ ա, կարող ա՝ դուք Ձեզի լավ չեք զգում Ձեր տանը, Ձեր փողոցում, բայց էջմիածնեցին լավ է, ըստեղ սաղ էջմիածնեցի են, իրենցից հարցրեք: Իրա քաղաքում ապրում ա, ոչ թե թուրքի կամ սրա-նրա լծի տակ են. ժողովուրդը իր համար անկախ ապրում ա:

-Սոցիալական խնդիրները չեն ծանրացնո՞ւմ մարդկանց վիճակը:

-Խի չեն ծանրացնում, որ վատ ըլնում, վատ ա, որ լավ ա ըլնում, լավ ա, խի դու էդքանը չես հասկանո՞ւմ:

-Ո՞րն է այսօր հայ ժողովրդի կարևոր խնդիրը։

-Անկախությունը պահելը, զավակներին փոխանցելը:

-Իսկ հացի՞ խնդիրը:

-Լավ էլի, աղջիկ ջան, հացի խնդիր ոչ մեկ էլ չունի, ամոթ է, էդքան մի... դե լավ էլի, թվերով մի խոսացեք:

-Իսկ արտագա՞ղթը:

-Այ, էդ գաղթականությունը կա, այ ապրես, որը որ շատ վատ բան ա: Ոչ մի ձևով պայքարել չի լինի... մարդկանց, ուրեմն պետք է, որ գնում են: Մենք նենց պետք ա անենք, որ հետ գան, ոչ թե մոստերը վառելով, հիասթափվելով... Մենք՝ մեր ազգը, միշտ էլ գնացել են՝ դրսերը աշխատել են, գումարներ են բերել, սարերում ապրողները խոպանչի են եղել:

-Բայց հիմա գնում են ու հետ չեն գալիս:

-Կա նման բան, ու դա շատ վատ ա, պտի նենց անենք, որ հետ գան, պետք ա լավացնենք, վստահության խնդիր կա, բայց երևի իրանք իրանց հանդեպ։

-Իսկ իշխանություննե՞րի։

-Դե լավ, իշխանությունները այսօր կան, վաղը չկան, տե՞նց չի, դուք մտածում եք պապակա՞ն ա, տվել են՝ պտի մնա՞, լավ էլի, ամեն մեկինը տասը տարի չի՞ ղեկավարելը:

-Մեր անկախությանը այսօր սպառնալիք տեսնու՞մ եք:

-Նաստրադամուսն էլ չի կարա պատասխանի, Ուկրաինայի նման պետությունը, տեսեք էսօր ինչ վիճակում ա, եթե միասնական լինենք, հզոր լինենք, անկախությունը կպահենք, եթե պառակտվեցինք, միշտ վատը տեսնենք, կթուլանանք: