«Մոսկվիչկա» խանութում լրագրողներին թույլ չեն տվել, որ հեռանան խանութից, մինչև չջնջեն իրենց ոչ ձեռնտու կադրերը

17:10 • 28.05.14

«Մոսկվիչկա» խանութում Armlur.am-ի լրագրողներ Քնար Մանուկյանին և Սյունէ Համբարձումյանին, ովքեր այդ խանութից գնված բրնձով փլավը տարել էին սուպերմարկետ և ցույց տվել, որ այնտեղ ապակու փշուր կա, տևական ժամանակ թույլ չեն տվել լքել տարածքը, քանի դեռ վերջիններս չեն ջնջել խանութում՝ առանց տնօրինության թույլտվության կատարած տեսաձայնագրությունը:
 

Այս մասին տեղեկացել էր armlur.am-ը, մանրամասնելով , որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի վրա գտնվող «Մոսկվիչկա» խանութում, որ իրենց ելքը խանութից խոչընդոտել են խանութի անվտանգության ծառայության աշխատակիցն ու սուպերմարկետի իրավաբանը:


Tert.am –ի հետ զրույցում թղթակիցներից Քնար Մանուկյանը ներկայացրեց կատարվածը՝ մանրամասնելով.«Մենք գնացինք, նկարահանեցինք այդ ընթացքը, թե ինչ է կատարվել, չեկերով, ամեն ինչով ներկայացրել ենք: Հետո իրենց անվտանգության աշխատակիցը նկատեց, որ մենք նկարահանում ենք ու ասացին, որ այստեղից դուրս չեք գա մինչև չջնջեք: Մենք հրաժարվեցինք, իրենք՝ «մենք հեսա իրավաբան կկանչենք, տնօրենը՝ Սարգիս անունով, զայրացել էր, թե «դուք այստեղից դուրս չեք գալու»»:


Կայքի լրագրողներին սուպերմարկետից բաց են թողել միայն այն ժամանակ, երբ կայքի խմբագրությունից ևս երկու լրագրող են եկել սուպերմարկետ։


Քնար Մանուկյանը նշեց, որ տեսանկարահանումն արել է հետագայում ապացույցներ ունենալու համար: Իսկ ձայնագրությունը վերաբերել է նրան, որ սուպերմարկետի տնօրեն Սարգիսն այնտեղ հայտնում է, որ շատ զարմանալի է, որ նման բան է եղել ու ներողություն է խնդրել, սակայն վերջում նույն Սարգիսը հայտարարել է, որ ինչքանով վստահ լինի, որ հենց լրագրողները չեն ապակու կտորը գցել փլավի մեջ:


Ի պատասխան հարցի, թե խմբագրությունն ինչ հետագա քայլերի է դիմելու Քնար Մանուկյանը հայտնեց, որ շարունակելու են լրագրողական գործունեություն ծավալել, ներկայացնելու իրավիճակը՝ համապատասխան տեսաձայնագրությամբ ու մանրամասներով: Իսկ ոստիկանությունը, հուսով են, որ ընթացք կտա գործին՝ այս մասին հրապարակումները ընդունելով որպես հաղորդագրություն հանցագործության մասին: