Տիգրան Մուկուչյանը Սահմանադրական բարեփոխումների մասին չի խոսում, քանի որ ԿԸՀ-ն իր գործառույթներով ապաքաղաքական է

20:04 • 28.05.14

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հրաժարվում է խոսել սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին։ «Թե որքանով է նպատակահարմար, դա նշանակում է՝ տալ քաղաքական գնահատականներ, իսկ քանի որ ԿԸՀ-ն իր գործառույթներով ապաքաղաքական է, հետևաբար ես որևէ մեկնաբանություն չէի ցանկանա տալ»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց նա։

 

Հարցին, թե ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկությունն արդյո՞ք կարող է նվազեցնել ընտրությունների անցկացման ռիսկերը, ինչպես պնդում են դրա կողմնակիցները, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, թե դրանք միմյանց հետ կապ չունեն։


«Անցումը համամասնական կամ մեծամասնական համակարգին՝ կապ չունի ընտրության անցկացման հետ։ Կան երկրներ, որտեղ համամասնական ընտրակարագ է, կան երկրներ, որտեղ մեծամասնական է ընտրակարգը, այսինքն՝ ընտրությունների հետ կապված՝ այս կամ այն նկատառումը ոչ մի կապ չունի համակարգի հետ։ Իսկ կոնկրետ թե ո՞ր համակարգը պետք է լինի, դա ըստ էության՝ քաղաքական որոշման խնդիր է, իսկ քանի որ ես հիմա խոսում եմ Ձեզ հետ որպես ԿԸՀ նախագահ, ուստի ճիշտ չի լինի մեկնաբանել դա»,-նշեց նա։