ԱՄՆ-ն կաջակցի Սիրիայի ընդդիմությանը, որը պայքարում է նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ. Բարաք Օբամա
ԱՄՆ-ն կաջակցի Սիրիայի ընդդիմությանը, որը պայքարում է նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է՝ ելույթ ունենալով Նյու Յորքի Ուեսթ-Պոյնտեի ռազմական ակադեմիայում:
«Ես որոշում եմ կայացրել, որ մենք ամերիկյան զորքեր չպետք է ուղարկենք քաղաքացիական պատերազմի հորձանուտը, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է օգնենք Սիրիայի ժողովրդին՝ դիմակայելու իր ժողովրդին ռմբակոծության և սովամահության ենթարկող բռնապետին», - աղբյուրը մեջբերում է Օբամայի խոսքը:
«Ես կհամագործակցեմ Կոնգրեսի հետ՝ Սիրիայի այն ընդդիմադիրներին աջակցություն ցուցաբերելու նպատակով, որոնք ահաբեկիչների և դաժան բռնապետի փոխարեն այլընտրանքային տարբերակ ունեն առաջարկելու», - ընդգծել է Օբաման:
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը նախօրեին հաղորդել էր, որ նախագահ Օբաման մոտ է ամերիկյան զինվորականներին պաշտոնապես թույլատրելուն՝ մասնակցել «սիրիացի չափավոր ապստամբների» վերապատրատմանը՝ Բաշար ալ-Ասադի ուժերի և «Ալ-Կաիդայի» հետ առընչվող խմբավորումների դեմ պայքարելու համար:










