Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգված է Աբխազիայում իրավիճակի սրման կապակցությամբ

15:14 • 28.05.14

Մոսկվան մտահոգված է Աբխազիայում ներքաղաքական իրավիճակի սրման կապակցությամբ, ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում, որը տարածվել է չորեքշաբթի Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի և Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբայի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքներով:

 

«Կարասինն անհանգստություն է հայտնել Աբխազիայում ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ, որտեղ մայիսի 27-ին տեղի են ունեցել ընդդիմության կողմից կազմակերպված ելույթներ»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն:


«Ռուսական կողմն ուշադիր հետևում է բարեկամ պետությունում տեղի ունեցող իրադարձություններին, կարևոր է համարում, որ հասարակական-քաղաքական գործընթացներն այնտեղ զարգանան բացառապես իրավական հունով»,- ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Աբխազիայի ներքին գործերի նախարար Օտար Խեցիյան երեքշաբթի երկրում տեղի ունեցած իրադարձությունները պետական հեղաշրջման փորձ է որակել՝ ընդգծելով, որ այժմ իրենց նախարարությունն աշխատում է սովորական ռեժիմով։