Թբիլիսիում ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնման պահանջով ակցիա է տեղի ունեցել
«Վրաստան-Եվրասիական ընտրություն» կոալիցիայի անդամ կազմակերպություններն այսօր Թբիլիսիի կենտրոնում ակցիա են իրականացրել՝ Վրաստանի իշխանություններից պահանջելով վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը, ակցիային մասնակցել են մի քանի տասնյակ մարդիկ։ Նրանք հավաքվել էին մետրոյի «Հավլաբար» կայարանի մոտ և Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պահանջով պաստառ են պարզել։ Ապա երթով քայլել են դեպի նախագահական նստավայր։
Այնտեղ նրանց դիմավորել են այլ ակցիայի մասնակից կանայք, որոնք իրենց ձեռքերում պահել են ԵՄ-ի, Ուկրաինայի և Վրաստանի դրոշեները, և հակառակորդ ցուցարարների վրա հավկիթներ են նետել։
Ակցիայի անցկացման վայրում խստացված հերթապահություն է իրականացրել ոստիկանությունը։
«Աննորմալ իրավիճակ է, երբ նման մեծ հարևան երկրի հետ պաշտոնական շփում չունենք։ Առանց դիվանագիտական հարաբերությունների վերականգնման՝ Ռուսաստանն ու Վրաստանը չեն կարողանա լուծել Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրը։ Բացի այդ, Վրաստանի այլ շրջաններում ևս կարող են խնդիրներ առաջանալ»,-հայտարարել է կոալիցիայի առաջնորդ Արչիլ Չկոիձեն։










