ԵՏՄ փաստաթղթում հաշվի են առնված 3 պետությունների շահերը, իսկ որտե՞ղ է ՀՀ-ի շահը. Նաիրա Զոհրաբյան

17:57 • 29.05.14

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում Եվրաինտեգրման հանձնաժողովին 2013 թ-ի հաշվետվությունը ներկայացող փոխնախարար Կարեն Նազարյանից հարցրեց Ղազախստանի նախագահի հայտարարությունից, թե միայն ՄԱԿ-ի ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի ՀՀ-ն կարող է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը:


«Այս փաստաթուղթը պատմական նշանակություն ունի Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի համար, այս փաստաթղթում հաշվի են առնված երեք պետությունների շահերը: Որքան իրազեկվեցինք, հունիսի 15-ին Հայաստանը ևս անդամակցելու է այդ եվրասիական տնտեսական տարածքին: Որտե՞ղ է ՀՀ–ի շահը: Ընդհանրապես, մենք շահեր ունե՞նք, ինչ-որ մեկը մեր շահերը ներկայացնելու կամ պաշտպանելո՞ւ է, թե՞ մենք անընդհատ փորձելու ենք մեր շահերը հարմարեցնել այլ երկրների շահերին»,- ասաց նա:


Կարեն Նազարյանը նշեց, որ արվում է ամեն ինչ, որպեսզի ապահովվի համապատասխան ժամկետներում ՀՀ-ի կողմից ակնկալվելիք քայլերը:


«Շավարշ Քոչարյանն արդեն անդրադարձ է կատարել այս առթիվ, կարծում եմ՝ մինչև հունիսի առաջին դեկադան, ինչպես նշեցիք, հնարավոր կլինի հաղթահարել բոլոր խնդիրներն ու հարցերն ու մեկնաբանությունները, որոնք արդեն այս առթիվ արվել են»,- ասաց նա:


Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ տեսնում է արդեն՝ անհաղթահարելի խնդիրների առջև ենք կանգնում, որովհետև հայտարարություն է արվում, որ այս տնտեսական տարածքը «սպասարկում է» երեք պետությունների շահերը:


«Բա Հայաստանի՞ շահը, Հայաստանի, որը հրաժարվեց Եվրոպական Միության հետ Ասոցացման պայմանագիր ստորագրելուց, որովհետև այլ ինտեգրացիոն տարածք ընտրեց: Ինչևէ, ես կարծում եմ երևի, հասկանում եմ, որ սա, երևի թե, ամբողջապես Ձեր կոմպետենցիայի ներքո չէ»,- ասաց նա: