ՊԵԿ-ը հրաժարվում է ցուցակ տրամադրել՝ պատճառաբանելով, որ պետական գաղտնիք է. ՄԻՊ-ը՝ ՓՄՁ-ների փակման մասին
2013թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց ձեռնարկատիրական իրավունքի խոչընդոտման մասին։ Նա նշեց, որ ՄԻ պաշտպանը հետևողականորեն՝ արդեն երկրորդ տարին է՝ անդրադառնում է համակարգային խնդիրներից մեկին՝ ձեռնարկատիրական իրավունքի խաթարմանը կամ խոչընդոտմանը և հիշեցրեց, որ 2012- 2013 թթ պաշտոնապես փակվել են 3 000-ից ավել մանրածախ օբյեկտներ՝ խանութ, կրպակ, շուկաներ։ Իսկ ընթացիկ տարում փակվել են 1600-ը:
«Դուք գիտե՞ք այս գործընթացի բուն էությունը: Մոտ 15 000-ից ավել աշխատողներ են աշխատանքից զրկվում: Արդյոք դիմել են Ձեզ, թե՞ ոչ և քննարկե՞լ եք արդյոք այս հարցը: Վարչապետի եռամյա ծրագրի քննարկման ժամանակ հարց բարձրացվեց, որ զոռբայությունը այսուհետ բացառվելու է, սակայն խոսքը ոչ թե տարածքները խլելու մասին է, այլ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ շուկաները փակում են, անիմաստ է զբաղվում ձեռնարկատիրությամբ»,- ասաց նա։
Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ ՄԻՊ զեկույցում առանձին բաժիններ են դրան հատկացրել, նաև անդրադարձել ՊԵԿ գործունեության և ՏՄՊՊՀ գործունեությանը վերաբերող գլուխներում:
«Մենք ոչ միայն դիմումներին ենք հետևում, այլև ընդհանուր ուսումնասիրություններ ենք կատարում, մեզ անգամ մեղադրում են, որ տրադիցիոն շրջանակներից դուրս ենք գալիս, մենք դրան համաձայն չենք, անում ենք Սահմանադրությամբ մեզ վերապահվածը»,-ասաց նա և նշեց, որ եթե 3 տարի առաջ իրենց դիմում էր տարեկան մոտ մեկ ընկերություն, այժմ դրանց թիվը տասնյակներ են: Բացի այդ, ըստ նրա, իրենք սեփական նախաձեռնությամբ էլ են ուսումնասիրություններ անում։
ՄԻՊ-ը մեջբերեց մի «փոքրիկ էպիզոդ». լոլիկի ներկրման և արտադրության շուկայում խնդիրներին հետևելով դիմել են ՊԵԿ-ին՝ ցուցակ պահանջելով, պատասխան են ստացել, թե առևտրային գաղտնիք է:
«Սա մեզ համար տարօրինակ է, որովհետև ինձ հասու է պետական գաղտնիքի նույնիսկ ամենագաղտնիացված տեղեկատվությունը, սա ուղղակի ավանդույթների պակաս է»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք ուսումնասիրում են և կներկայացնեն խոչընդոտներն ու հակամրցակցային խնդիրները՝ ըստ շուկաների։










