Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մեջ մեծ քաղաքականություն չեմ տեսնում. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

12:25 • 29.05.14

Յուրաքանչյուր պետություն իր հնարավորության, քաղաքականության և իր գործունեության շնորհիվ իրավունք ունի համապատասխան գործարքներ կնքելու, ինչում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեծ քաղաքականություն չի տեսնում:

«ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, ավելի սերտ է, փոխադարձ աջակցությունն ավելի լայն է, որովհետև մենք դաշնակիցներ ենք։ Այն բիզնես գործարքներից, որ նրանք իրականացնում են այլ պետությունների հետ, հավատացած եղեք, որ մենք այնքան էլ ետ չենք մնում և եթե այս տարիների ընթացքում կարողանում ենք առանց որևիցե մի երրորդ ուժի... իհարկե ոչ քանակական, ավելին՝ որակական և մարտական ավելի բարձր ոգու ապահովումը ոչ պատերազմական իրավիճակում նշանակում է, որ հայկական Զինուժն այսօր մեր տարածաշրջանում մրցունակ է, և նրա հետ բոլորը հաշվի են նստում»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ մեկնաբանելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զինտեխնիկա վաճառելու հանգամանքը:

Նախարարը նաև վստահեցրեց, որ այդ առումով ամեն ինչ վերահսկողության ներքո է գտնվում և մտահոգվելու կարիք չկա:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանի իրադարձություններին՝ Սեյրան Օհանյանը նկատեց, որ լարվածություն դեռևս կա, կրակոցների քանակն ավելացել է, բայց իրավիճակը վերահսկելի է և միշտ էլ վերահսկելի է եղել:

«Ցավոք, իհարկե, ցավալի դեպքեր լինում են. մենք խոնարհվում ենք բոլոր այն զոհված զինծառայողների հիշատակի և նրանց հարազատների առաջ, բայց սա է մեր իրավիճակը: Մենք պատրաստ ենք մեր հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար, դրանում կասկած չպետք է լինի»,-ասաց նա:

Նախարարը նաև նշեց, որ իրականում հրադադարի պայմանագրի կատարումը մեծամասնությամբ հայկական կողմը կարողանում է պահպանել Զինուժի և ժողովրդի շնորհիվ, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության շնորհիվ: