Սնոուդենը Ռուսաստանին կխնդրի երկարաձգել իր ապաստանելու ժամկետը

09:22 • 29.05.14

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտնել է, որ կցանկանար տուն՝ ԱՄՆ վերադառնալ, սակայն խնդրելու է, որ Ռուսաստանում իր ապաստանելու ժամկետը երկարաձգվի, հայտնում է Взгляд-ը։

 

Ապաստանման ժամկետը լրանում է օգոստոսի 1-ին, և Սնոուդենն ասել է, որ այդ ամսաթվի մոտենալու հետ անպայման երկարաձգում կխնդրի: Նա նշել է, որ կապված չէ Ռուսաստանի իշխանությունների հետ, երբեք չի հանդիպել ՌԴ-ի նախագահին, Ռուսաստանի կառավարությունն իրեն չի սատարում, ինքը նրանցից գումար չի վերցնում:

 

Սնոուդենը պատմել է նաև, որ ամերիկյան հատուկ ծառայությունները չեն գիտակցում տեղեկատվական արտահոսքի ամբողջ ծավալը: Ըստ նրա՝ այնտեղ վերահսկումը շատ թույլ ու անփույթ է եղել, գրեթե ցանկացածը կարող էր մուտք գործել և վերցնել փաստաթղթեր, և նրանք չէին իմանա:

 

Ի դեպ, ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Սնոուդենին «տղամարդկություն հավաքել» և վերադառնալ ԱՄՆ։

 

Սնոուդենն ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքի մանրամասները հրապարակել էր անցած տարի ամռանը, ինչից հետո լքել էր ԱՄՆ-ն և ստիպված եղել ապաստանել Ռուսաստանում։