100 տարին չլրացած՝ Իսրայելը կընդունի Ցեղասպանությունը, նախադրյալները կան. «Հայ դատի» պատասխանատու (տեսանյութ)
Իսրայելի Հայ դատի պատասխանատու, դոկտոր Ժորժետ Ավագյանը, ով Իսրայելում զբաղվում է Հայոց ցեղասպանության ճանաչման և ընդունման հարցերով, հուսով է, որ Հայոց ցեղասպանության 100 տարին չլրացած՝ Իսրայելի Քնեսեթը կընդունի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դրա համար բոլոր նախադրյալները կան:
«Մենք մայիսի 13-ին Քնեսեթ էինք գնացել, և հուսով էինք, որ այս անգամ կընդունեն Հայոց ցեղասպանությունը: Նրանք ամեն անգամ քննարկում են, շատ անգամներ արտաքին գործերի նախարարությունից կոմիտե են ուղարկում և մեռցնում հարցը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինիս ներկայացմամբ՝ իրենք հարցը կրկին դրեցին քննարկման, և Քնեսեթի խոսնակն ասաց. «Ամոթ է մեզ, որ չընդունենք Հայոց ցեղասպանությունը: Մենք ընդունելու ենք, մենք հայերին հարգում ենք»:
Նա նաև տեղեկացրեց, որ այս շաբաթ հարցը նորից Քինեսեթ պետք է գնա, որպեսզի փորձեն ինչ-որ բան անել: «Տեսնենք, թե ինչ կարող ենք անել: Մենք շատ էինք բարկացել, հիմա որոշել ենք ուրիշ տակտիկա կիրառել, որ նրանք ընդունեն»,-ասաց Հայ դատի պատասխանատուն՝ հույս հայտնելով, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հեռու չէ:










