Երկրորդ կարծիք լինել չի կարող, թե մեր երկրում սննդամթերքն անվտանգ չէ. Բաբկեն Պիպոյան

15:01 • 29.05.14

Մայիսի 29-ը առողջ սննդի համաշխարհային օրն է: Օրվա թեմայի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ մեր երկրում ճիշտ չի սահմանված սննդամթերքի անվտանգությունը, և գործող համակարգը, որ մենք ունենք, միջազգային չափանիշներին համապատասխան սննդամթերք ապահովել չի կարող:

«Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ մեր երկրում սննդամթերքն անվտանգ լինել չի կարող: Եթե մարդը երեկոյան չի թունավորվում և հիվանդանոց չի տեղափոխվում, դեռ չի նշանակում, որ անվտանգ սննդամթերք է օգտագործվում»,-ասաց բանախոսը՝ նշելով, որ սննդամթերքը կարող է կոչվել անվտանգ, երբ այն չի կարող բացասական ազդեցություն ունենալ սպառողի վրա:

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ երբևէ ժողովրդին չեն ասում, որ այսինչ տեղում կա ռիսկ. «Չի կարելի մի տեղ աշխատեցնել պղնձամոլիբդենային գործարան, իսկ դրանից երկու հարյուր մետր այն կողմ գյուղատնտեսություն և անասնապահություն իրականացնել: «Ոչ ոք չի ասում, թե մեկ օրում հանրապետությունում կարելի է ապահովել սննդամթերքի անվտանգությունը: Բայց երկրում ապատեղեկատվության մեծ հոսք կա, որտեղ բոլորն ունեն անելիք: Նախևառաջ սպառողի ձայնը պետք է կարողանանք տեղ հասցնել»,-նկատեց Բաբկեն Պիպոյանը:

Բանախոսի բնորոշմամբ՝ մեր երկիրը, որտեղ որ պետք է գործ անի, չի անում, որտեղ պետք չի՝ անում է: «Ներկրված ապրանքն են դրոշմավորում, փոխանակ ստուգեն, թե ինչ քանակի հավելանյութերով են երկիր մտնում տվյալ մթերքները»,-նկատեց նա՝ շարունակելով, որ Հայաստանը նաև լաբորատորիաների պակաս ունի:

«Վերահսկողություն իրականացնող մարդիկ էլ չունեն բավարար գիտելիքներ»,-հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը:

Շարունակելով խոսել սննդի անվտանգության մասին, Բաբկեն Պիպոյանն ասաց, որ առջևում ամառ է և հատկապես պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել միս-մսամթերքին ու կաթնամթերքին, քանի որ շոգ եղանակին դրանք դառնում են քառակի վտանգավոր: