Երեք կուսակցության և 140 մտավորականի նախագիծ՝ ընդդեմ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման
Երևանի ավագանու կանոնակարգով ավագանին ցանկացած նախաձեռնության վերաբերյալ նախագիծ ներկայացնելու իրավունք ունի, ուստի ավագանու «Բա´րև, Երևան» դաշինքը նախաձեռնելու է մի նոր նախագիծ, որով առաջարկելու են չեղյալ հայտարարել ավագանու ապրիլի 30-ի որոշումը Երևանում բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին:
«Դրա իրավունքն ունենք, իսկ թե քանի մարդ կմիանա և քանի կողմ ձայն կունենանք, չեմ կարող ասել, բայց մենք այդ նախաձեռնությունն անելու ենք: Եվ դա անելու ենք «Ժառանգություն», ՀՅԴ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունների և 140 մտավորականների ստորագրություններով գրված նամակների հիման վրա»,-Tert.am-ին ասաց «Բա´րև, Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:
Վերջինիս խոսքով՝ շատ մարդիկ կմիանան այդ նախագծին, և ավագանու հաջորդ նիստում այն կդնեն շրջանառության մեջ:
Հարցին՝ արդո՞ք հավանական է, որ ավագանին կվերանայի որոշումը, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ հավանակա՞ն է, թե՞ չէ, բայց մի բանում հաստատ համոզված եմ, որ շատերը, ովքեր կողմ քվեարկեցին, շատ բաներից տեղյակ չէին: Այսօր, երբ այսպիսի նամակներ են հրապարակվում, որոնք վկայում են Անաստաս Միկոյանի ոչ հայանպաստ գործունեության մասին, ինձ թվում է, որ շատ մարդիկ կվերանայեն իրենց քվեարկությունը: Բարոյականությունը հենց դա է, այստեղ դա անելու համար հերոսություն պետք չէ»:










