Տրամադրվածությունը շատ դրական է, ՀՀ-ն ԵՏՄ-ին կանդամակցի Նախագահի նշած ժամկետում. ԱԳ փոխնախարար

14:30 • 29.05.14

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրի ստորագրումը չի հետաձգվում և խնդիրներ էլ չկան. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը: «Չէր նախատեսվում, որ հենց այսօր պետք է ստորագրվի, այսօր պետք է ճշտվի, Նախագահը կոչ արեց մինչև հունիսի 15-ը ստորագրել, սպասում ենք պատասխանի»,- նշեց նա։


Հարցին, թե հաստատ չէ, որ մինչև հունիսի 15-ը կստորագրվի պայմանագիրը, փոխնախարարը պատասխանեց. «Չեմ կարող ասել, այսօր պարզ կլինեն զարգացումները: Հանդիպումները, քննարկումները շարունակվում են, ճանապարհային քարտեզը պատրաստ է, և եթե կան մեկ-երկու չճշտված հարցեր, ապա դրանք, ինչպես ՀՀ Նախագահն ասաց, կարելի է մեկ-երկու օրում շտկել»։


Հարցին, թե ինչու է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարում, որ Հայաստանի հետ խնդիրներ կան, փոխնախարար Մանասյանը նշեց, թե չի կարող ասել։ «Ընդհանուր տրամադրվածությունը շատ դրական է, և ես կարծում եմ, որ Նախագահի խոսքերում արտահայտված ժամկետները կիրականան»,- նշեց նա:


Սերգեյ Մանասարյանի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե Բելառուսն ու Ղազախստանը չեն ցանկանում, որ Հայաստանն անդամակցի այս կառույցին: