Հրանուշ Հակոբյանը խախտում է Սահմանադրությունը. պատմաբանը սփյուռքահայերին բանակից ազատելու մասին

13:56 • 29.05.14

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ Կառավարությանը ներկայացրած նախագիծը, ըստ որի առաջարկվում է մի քանի սփյուռքահայ երիտասարդների բանակում ծառայելուց ազատել, հակասահմանադրական է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց սփյուռքահայ պատմաբան Գևորգ Յազճյանը:


«Արական սեռի բոլոր ներկայացուցիչները պետք է ծառայեն, եթե չունեն օրենքով սահմանված հիվանդություններ կամ ինչ-որ կրոնական խնդիրներ, որոնց դեպքում կա այլընտրանքային ծառայություն»,- ասաց նա:


Գևորգ Յազճյանը նշեց, որ իշխանությունները այսօր շատ են պարզեցրել քաղաքացիություն տրամադրելու գործընթացը: «Սփյուռքահայեր կան, որ դիմում են ընտանիքով քաղաքացիություն ստանալու համար, բայց այն մարդիկ, որոնք այդ տարիքում էին չէին դիմում քաղաքացիություն ստանալու համար: Բանակը կարիք ունի քանակի, մոտավորապես մի քանի տասնյակ հազար մարդ ստացել է քաղաքացիություն, բայց սփյուռքահայերից եզակի երիտասարդներ են, որ ծառայում են հայկական բանակում»,- ասաց նա:


Գևորգ Յազճյանն ընդգծեց, որ քաղաքացիությունը ենթադրում է ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ:


«Սփյուռքի նախարարն ու Նախագահը իրավունք չունեն խախտեն Սահմանադրությունը: Ես Լիբանանից եմ եկել և կապը պահում եմ Լիբանանի հետ, հայերի մեծ մասին ճանաչում եմ, բայց կարդալով լիբանանահայ տղայի անունը, այն ինձ ոչինչ չասաց: Այդ ի՞նչ է արել սփյուռքի համար, որ ազատում են»,- ասաց նա:


Գևորգ Յազճյանն ընդգծեց, որ այսօր Հայաստանում պետք է դրվի իգական սեռի ծառայության հարցը: