Որտե՞ղ կարելի է տեսնել դեպք, երբ շարքայինները հարձակվում են որպես դիվերսանտ. Արծրուն Հովհաննիսյանը՝ Զաքիր Հասանովին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունը, թե մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դիվերսիան իրականացրել է հայկական կողմը, պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց ռազմական փորձագետի համար ակնհայտ պատասխան ունեցող հարցով. «Որտե՞ղ կարելի է տեսնել դեպք, երբ դիրքը պահում են կապիտաններն ու ենթասպաները, իսկ շարքայինները հարձակվում են որպես դիվերսանտ»:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել է, որ դիվերսիան նախաձեռնել է ադրբեջանական կողմը, ու որ ադրբեջանցիները արժանի հակահարված են ստացել, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր Թբիլիսիում ասել է, որ հայկական կողմն է նախաձեռնել ու «արժանի հակահարված ստացել»:
Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, ժամը՝ 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն՝ 2 զոհ և 1 վիրավոր, իսկ Պաշտպանության բանակը՝ մեկ կորուստ, քանի որ հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունների վկայությամբ՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելու հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի երկու զինծառայող, այդ թվում՝ մեկ սպա, մեկ զինվոր էլ ծանր վիրավորվել է:
Հավելենք, որ ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Զաքիր Հասանովն այսօր Թբիլիսիում կայացած ասուլիսում հայտարարել է, որ «ներկայում Ադրբեջանի զինված ուժերը հագեցած են ամենաարդիական զինատեսակներով, տեխնիկայով և սարքավորումներով և ունակ են վերադարձնել թշնամու օկուպացրած հողերը»:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ 8 տարի է՝ այդ մասին հայտարարում է Ալիևը, այժմ էլ էստաֆետը վերցրել է Հասանովը:










