Իրանցի հաքերները 3 տարի շարունակ լրտեսել են ամերիկացի քաղաքական և ռազմական գործիչներին

12:27 • 29.05.14

Երեք տարի շարունակ իրանցի հաքերները հետևել են ԱՄՆ-ի, Իսրայելի և այլ երկրների քաղաքական առաջնորդներին ու ռազմական գործիչներին՝ սոցցանցերի կեղծ հաշիվների ու կեղծ լրատվական կայքի միջոցով, հայտնում է Reuters-ը:

 

Տեղեկությունը հրապարակած ISight Partners ընկերությունը հայտնել է, որ իրանցիների թիրախում են եղել ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի ադմիրալը, ամերիկացի դեսպանները, քաղաքական գործիչները, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Իրաքի ու Աֆղանստանի ներկայացուցիչները:

 

ISight Partners-ը հրաժարվել է նշել լրտեսման զոհերի կոնկրետ անուններ, ինչպես նաև՝ թե ինչ տվյալներ են յուրացվել:  Նշվում է միայն, որ եթե դա շարունակվել է այդքան երկար, նշանակում է իրանցի հաքերները հաջողություն են ունեցել:

 

ISight-ը կատարված գործողությունը Newscaster («Լրատվական») է անվանել: Իրանցի հաքերները 6 հորինված անձանց են ստեղծել, որոնք իբր աշխատում են NewsOnAir.org անվանումով կայքում, որն օգտագործում է Associated Press-ի, BBC-ի, Reuters-ի և այլ լրատվականների նյութեր: Եվս 14 մարդ կեղծ հաշիվներով գործել է սոցցանցերում: